Ծնելիության մակարդակի որոշակի աճ կա, սակայն չի հաջողվի խուսափել բնակչության թվաքանակի նվազումից
Առողջություն
17:19 23/10/2009

Ծնելիության մակարդակի որոշակի աճ կա, սակայն չի հաջողվի խուսափել բնակչության թվաքանակի նվազումից

Հանրապետությունում ներկայում սերնդի վերարտադրության մակարդակի ընդհանուր վիճակն ապահովվում է կիսով չափ: Այսօրվա ասուլիսում խոսելով դեմոգրաֆիական հիմնախնդիրներից, մասնավորապես, հանրապետությունում ծնելիության մակարդակից, ասաց ժողովրդագետ Ռուբեն Եգանյանը: Նրա խոսքերով, Հայաստանում այսօրվա ծնելիության մակարդակը կազմում է երկրում 80-ականների վերջին գրանցված ծնելիության մակարդակի կեսը:

Այսպիսով` 2002 թվականից, ըստ Ռ. Եգանյանի, գրանցվել է ծնելիության մակարդակի որոշակի աճ, բայց դա մասնագետը դրական չհամարեց, ու նշեց, որ ավելի ընդլայնված վերարտադրության համար ներկա ցուցանիշները բավարար չեն: Սակայն նա նաև նշեց, որ եթե 1986 թվականին 81.200 երեխա է ծնվել, ապա 2002-ին նրանց թիվը կազմել է 32 հազար:

Ռ. Եգանյանը նշեց, որ նույնիսկ լավագույն զարգացումների դեպքում, չի հաջողվի խուսափել բնակչության թվաքանակի նվազումից: Ծնելիության նվազման պատճառները, ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, մասագետը տեսնում է հասարակության կենսակերպի, կենսամակարդակի և կրթամակարդակի փոփոխություններում: Ժողովրդագետի խոսքերով, ծնելիության թվի նվազում է գրանցվել ԽՍՀՄ նախկին երկրներում, բայց այնպիսի կտրուկ նվազում, ինչպիսին Հայաստանում է, քիչ երկրներում է նկատվել: Իսկ սա Ռ. Եգանյանը կապեց երկրում տեղի ունեցող միգրացիոն շարժով:

Վերջում, անդրադառնալով մահացությունների, ամուսնությունների ու ամուսնալուծությունների տվյալներին, բանախոսը նշեց, որ այդ ցուցանիշները աճման միտում ունեն: Այնուամենայնիվ, Ռ. Եգանյանը կարծիք հայտնեց, որ հարկավոր է հատկապես ուշադրության կենտրոնում պահել ծնելիության խնդիրը:
Placeholder
Ծնելիության մակարդակի որոշակի աճ կա, սակայն չի հաջողվի խուսափել բնակչության թվաքանակի նվազումից