«Սահմանը»  Անթալիայում տեղի ունեցած կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին
Մշակույթ
15:06 26/10/2009

«Սահմանը» Անթալիայում տեղի ունեցած կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին

Հայ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը Անթալիայում տեղի ունեցած «Ոսկե նարինջ» 46-րդ կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին: Այս մասին Panorama.am-ին ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական հարցերով տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

Ըստ նրա, հայկական ֆիլմը միջազգային մրցույթ բաժնում իր գլխավոր մրցանակը կիսել է ռուսական ֆիլմի հետ: Նշենք, որ փառատոնը բաղկացած է երկու բաժնից` ազգային և միջազգային: Միջազգային բաժնում ներկայացված են եղել 12 ֆիլմ:
Երկրորդ մրցանակին արժանացել է վրացի ռեժիսոր Գեորգի Օվաշվիլիին «Մյուս ափը» ֆիլմը: Ի դեպ, սա այն ֆիլմն է, որ «Ոսկե ծիրան» 6-րդ կինոփառատոնի միջազգային խաղարկային ֆիլմերի մրցույթում արժանացել էր գլխավոր մրցանակի:

Նշենք, որ սա «Սահմանի» ֆիլմի հերթական մրցանակն էր` Հյուսթոնի 42-րդ միջազգային փառատոնում` «Պլատինե» մրցանակ, Սիրակուզայի միջազգային փառատոնում` «Լավագույն լիամետրաժ վավերագրական ֆիլմ» մրցանակ, «Կինոշոկ» 18-րդ կինոփառատոնում` «Լավագույն ռեժիսուրայի» մրցանակ:

«Սահման» ֆիլմը հայ-ադրբեջանական սահմանը հատող գոմեշի մասին պատմություն է: Ֆիլմի երևանյան պրեմիերան կայացել է հուլիսի 15-ին: Ֆիլմը ներկայացվել է նաև այլ փառատոներում` Ռումինիա, Համբուրգ, Բաթումի, Վարշավա, Պուսեն, Տոկիո:
Placeholder
«Սահմանը» Անթալիայում տեղի ունեցած կինոփառատոնում արժանացել է «Լավագույն ֆիլմ» մրցանակին