Վարչապետ. Եվրամիության փորձագետները թվային համակարգին անցումն արդարացված ու ճիշտ են համարել
Քաղաքական
14:01 12/11/2009

Վարչապետ. Եվրամիության փորձագետները թվային համակարգին անցումն արդարացված ու ճիշտ են համարել

Այսօրվա նիստում կառավարությունը հավանություն է տվել ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվային համակարգին անցման հայեցակարգին: Ինչպես հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի տարածքում ռադիոհաղորդումների և հեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովին պարտավորեցվել է մեկամսյա ժամկետում մշակել և կառավարություն ներկայացնել հայեցակարգի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակացույցը:


Քանի որ հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների հետագա ընդլայնումը և որակի բարձրացումը այժմ կիրառվող անալոգային տեխնոլոգիայի պայմաններում հնարավոր չէ և ոլորտի զարգացումը պահանջում է նոր տեխնոլոգիաների կիրառում, ընդունված որոշումը նպատակ ունի ապահովել բազմաբովանդակ հեռուստառադիոհեռարձակման հասանելիությունը և մատչելիությունը, ինչպես նաև տեղեկատվական շուկայի զարգացումը և ազատ մրցակցության ապահովումը:

«Դրանք հիմնավորված էին այն կարողություններով, որոնք այս պահին ձևավորված են Հայաստանի Հանրապետությունում, այն պարտավորություններով, որ մենք ստանձնել էինք և թվայնացման անցնելու և տեխնիկապես այս գործընթացը ավելի գրագետ կազմակերպելու նպատակով»,-ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Գործադիր մարմնի ղեկավարը հավատացրել է, որ Եվրամիության ֆինանսավորմամբ փորձագետները ուսումնասիրել են ստեղծված իրավիճակը և կառավարության կողմից ներկայացված օրենքը, ինչպես նաև ընդունված որոշումները: Եվրամիության ուղարկած փորձագետը տվել է դրական եզրակացություն, որ կառավարության մոտեցումն արդարացված և ճիշտ: «Մենք, ըստ էության, այլընտրանք չունեինք, և այս հայեցակարգը, որն այսօր ներկայացվում է, պատասխանում է այն հարցերին, թե ինչպես ենք իրականացնելու թվայնացումը»,-ասել է վարչապետը:

Placeholder
Վարչապետ. Եվրամիության փորձագետները թվային համակարգին անցումն արդարացված ու ճիշտ են համարել