Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անկարայի ռադիոյի պետական երգչախումբը, որն ընդգրկված է Թուրքական պետական ռադի և հեռուստատեսության (TRT) կազմում, պատմության մեջ առաջին անգամ հայերեն ստեղծագործություն է կատարել` Կոմիտասի «Կալի երգը» (թուրքերենում օգտագործվել է «Gali Yerk»): Այս մասին հաղորդում է «Հյուրիեթն» ու նշում, որ սա պատմական իրադարձություն է:
Աղբյուրի հաղորդմամբ, ստեղծագործության կատարումը մշակվել է թուրքահայ դիրիժոր Հակոբ Մամիկոնյանի ղեկավարությամբ: Հետագայում նախատեսվում է ստեղծագործությունը թուրքական երգչախմբի մատուցմամբ կատարել նաև Ստամբուլի հայկական եկեղեցիներից մեկում:
«Հյուրիեթի» մեկնաբանմամբ, այս իրադարձությունը կայացել է այն բանից հետո, երբ 1970 թվականին հիմնված TRT-ն որոշում է կայացրել 40-ամյակի միջոցառումների շարքում ընդգրկել 40 տարբեր դիրիժորների մատուցմամբ ստեղծագործությունների համերգ: Այս որոշումից հետո համապատասխան առաջարկ է ներկայացվում նաև Հակոբ Մամիկոնյանին: Եվ քանի որ դիրիժորներն իրավունք են ունեցել ինքնուրույն ընտրել կատարվելիք ստեղծագործությունները, հայազգի երաժիշտը նախընտրել է թուրք հասարակությանը մատուցել Կոմիտաս Վարդապետի մշակումներից մեկը:
«Երբ ես նրանց հեռախոսով հայտնեցի, որ ցանկանում եմ հայկական ստեղծագործություն ներկայացնել, հեռախոսալարի մյուս ծայրին մի քանի վայրկյան լռություն տիրեց, բայց իմ խնդրանքն ընդունվեց»,- թերթին պատմել է Հակոբ Մամիկոնյանը: Վերջինս նշել է, որ իր որոշման իրականացման առնչությամբ կասկածներ է ունեցել, որ ТРТ-ի ղեկավարությունը վերջին պահին հետ կկանգնի, սակայն ամեն ինչ հարթվել է և համերգի ձայնագրությունն արդեն մոտ ապագայում եթեր կհեռարձակվի:
Տեղեկատվությանը զատ թուրքական «Հուրիեթը»` «Առաջ դեպի երկխոսություն» ենթավերնագրի ներքո մեկնաբանում է փաստն ու հիշեցնում, որ նախկինում ТРТ-ի հեռուստատեսային և ռադիոեթերներում հայկական երգերի հեռարձակումը կտրականապես արգելվում էր:
Բացի այդ թուրքական թերթը տեղեկանք է ներկայացրել նաև Կոմիտաս Վարդապետի մասին: Ներկայացվել են տեղեկություններ մեծն երգահանի ծննդյան, կրթության և աշխատանքի մասին:
Բնականաբար,1915 թվականին իրականացված ցեղասպանության ազդեցության մասին Կոմիտասի անձնական կյանքում ոչ մի տեղեկություն «Հուրիեթը» չի տվել: