Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վ.Դալլաքյանը պնդելու է, որպեսզի Ազգային Ժողովը քննարկի իր նախաձեռնությունը շքեղության հարկ սահմանելու վերաբերյալ
Կառավարության վերջին նիստում գործադիրը մերժեց ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնությունը` «Գազի սակագնի բարձրացման դեպքում բնակչության անապահով խավերի պետական աջակցության մասին»: Բացասական եզրակացություն տալու հիմնավորումն այն է, թե անընդունելի է կոմունալ ծառայություններից մեկի սակագնի փոփոխության դեպքում առանձին օրենքով առաջարկվող սոցիալապես առավել խոցելի խավերին աջակցելու նորմեր և մեխանիզմներ սահմանելու ձևաչափը:
Մյուս առարկությունն էլ այն է, թե կառավարությունն արդեն իսկ ընդունել է հարցը կարգավորող որոշումներ, այսինքն` ներկայացրել է փոխհատուցման ծրագիրը:
Panorama.am-ի հետ զրույցում պատգամավորը ներկայացրեց իր տեսակետն այս առնչությամբ:
Վ.Դալլաքյանը հիշեցրեց , որ վերջին տարում բացի այս նախաձեռնությունից, հանդես է եկել նաև «Սոցիալական բոլոր ծախսերի ինդեքավորման մասին» և «Շքեղության հարկի մասին» նախաձեռնություններով:
Թե ի՞նչ կապ կա գազի սակագնի թանկացման ու շքեղության հարկ սահմանելու միջև հարցին, Վ.Դալլաքյանը նշեց.
«Օրենքի ընդունումը ենթադրում է, որ սոցիալական այս ծանր պայմաններում ժողովրդի միջոցները թալանած ու շքեղ ապրողները պետք է վճարեն լրացուցիչ հարկեր, որոնք էլ կուղղվեն հատկապես անապահով խավի խնդիրները լուծելուն» և ավելացրեց, թե ըստ որոշ տվյալների, Հայաստանի ստվերային տնտեսությունը կազմում է 60-65 տոկոս:
Վերադառնալով «Գազի սակագնի բարձրացման դեպքում բնակչության անապահով խավերի պետական աջակցության մասին» իր առաջարկին, նա նշեց, թե անընդունելի է համարում կառավարության նման մոտեցումը, քանի որ օրենքը միայն մեկանգամյա օգտագործման չէ, այլ նախատեսում է մի ընթացակարգ և հետագայում, նմանատիպ թանկացումների ժամանակ, պետությունը կպարտավորվի համապատասխան մոտեցումներ ցուցաբերել.
«Զարմանալի է, թե ինչպես է գործադիրը սա դիտարկում իբրև առանձին կոմունալ վճարի խնդիր, քանի որ անգամ մանկապարտեզի երեխաների համար է պարզ, որ գազի սակագնի փոփոխությունը իր հետ կբերի գնաճ» - ասաց Վ.Դալլաքյանը:
Պատգամավորի հետ զրուցեցինք նաև կառավարության փոխհատուցման ծրագրի մասին.
«Այս հարցում հոռետես եմ»,- նշեց նա և պարզաբանեց, թե չի կարծում, որ փոխհատուցման այդ սցենարը կարող է էական ազդեցություն ունենալ հատկապես բնակչության անապահով խավերի հիմնախնդիրները լուծելու համար:
Թեպետ արդեն այն, որ թեկուզ և չնչին քանակով է փոխհատուցում ստանալու կենսաթոշակառուն կամ նպաստառուն, դրական քայլ է, սակայն, միևնույն է, սա չի կարող մեղմել ողջ խնդիրը:
Վ.Դալլաքյանը հավելեց նաև, թե պնդելու է, որպեսզի Ազգային Ժողովն, այնուամենայնիվ, քննարկի այս նախաձեռնությունը: