Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թուրան. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության նպատակը պարուրված է գաղտնիության քողով
Թուրան լրատվական գործակալությունը հաղորդում է, որ նախօրեին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում հաղորդագրություն էր տարածվել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի և ռուս համանախագահները այցելելու են Բաքու:
Եվ ահա, Թուրան լրատվական գործակալությունը հայտնում է, որ առավոտյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր նստավայրում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեի և Յուրի Մերզլյակովի հետ:
Նշվում է, որ բանակցությունները կայանում են գաղտնիության պայմաններում, և հանդիպմանը ԶԼՄ-ի ներկայացուցիներ չեն հրավիրվել: Ընդհանուր առմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելության նպատակը պարուրված է գաղտնիության քողով: Գործակալությունը կարծում է, որ ԶԼՄ-ի համար հայտարարություններ չեն արվի:
Ամենայն հավանականությամբ, համանախագահներն այս անգամ Բաքու են ժամանել հատուկ առաքելությամբ, քանի որ ժամանելով Բաքու, նրանք անմիջապես ուղղություն են վերցրել դեպի նախագահական` հանդիպելու Իլհամ Ալիևի հետ, մինչ այդ չհանդիպելով ԱԳ նախարարի հետ:
Նշենք, որ չնայած այն հանգամանքին, որ Թուրան լրատվական գործակալությունը նշում է, որ Յ. Մերզլյակովն ու Բրադկեն առավոտյան ժամանել են Բաքու և միանգամից մեկնել Ի. Ալիևի նստավայր, ԱՊԱ լրատվական գործակալությունն իր հերթին նշում է, որ առավոտյան Բաքու է ժամանել միան ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նշվում է, որ ամերիկացի համանախագահը Բաքու է ժամանելու ցերեկը` այսինքն, օրվա երկրորդ կեսին:
Ի դեպ, ԱՊԱ լրատվական գործակալությունը նշում է, որ Բաքու է ժամանել նաև Իգոր Պոպովը, որը այսուհետև փոխարինելու է ռուս համանախագահ Մերզլյակովին: