ՌԴ նախագահն ու վարչապետը շնորհավորել են Արմեն Ջիգարխանյանին
Մշակույթ
10:15 04/10/2010

ՌԴ նախագահն ու վարչապետը շնորհավորել են Արմեն Ջիգարխանյանին

Նախօրեին լրացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի 75-ամյակը: Այդ առիթով ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է նրան և պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի շքանշանով:

«Տասնամյակներ շարունակ Դուք հանդիսատեսներին եք պարգևում Ձեր տաղանդը, և շնորհակալ հասարակությունը պատասխանում է Ձեզ անկեղծ սիրով: Դուք խաղացել եք բազմաթիվ անմոռանալի դերեր, որոնցից յուրաքանչյուրը մասնագիտությանը վարպետորեն տիրապետելու օրինակ է: Անսպառ ստեղծագործական էներգիան, շնորհալի մարդկանց միավորելու ընդունակությունն այսօր օգնում են Ձեզ մոսկովյան ամենահանրաճանաչ թատրոններից մեկի թատերախմբի հետ աշխատանքում, հայրենական արտիստների երիտասարդ սերնդի դաստիարակման գործում»,- ասված է ՌԴ նախագահի շնորհավորական հաղորդագրությունում:

Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը նույնպես շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին: Շնորհավորական նամակում ասված է. «Վառ, տաղանդավոր, բացառիկ ստեղծագործական ընդգրկման անհատ, Դուք արժանի տեղ եք զբաղեցնում հայրենական արվեստի փառապանծ գործիչների աստղաբույլում: Բեմում և էկրանին վարպետորեն մարմնավորած կերպարները, ռեժիսորական աշխատանքներն անփոփոխ արձագանք են գտում Ձեր շռայլ տաղանդի բազմաթիվ երկպագուների սրտերում»:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում գործող Ջիգարխանյանի թատրոնում տեղի է ունենալու հոբելյանական միջոցառում` նվիրված Ա. Ջիգարխանյանի 75-ամյակին, նրա գործունեության 55-ամյակին և թատրոնի 15-ամյակին: Հայաստանում նույնպես կազմակերպվելու են դերասանի հոբելյանին նվիրված միջոցառումներ:

Placeholder
ՌԴ նախագահն ու վարչապետը շնորհավորել են Արմեն Ջիգարխանյանին