Մեծ աղմուկ` ոչնչից. Միջնորդները ոչինչ էլ չեն հրապարակել
Քաղաքական
13:30 10/10/2011

Մեծ աղմուկ` ոչնչից. Միջնորդները ոչինչ էլ չեն հրապարակել

Ադրբեջանական ու հայկական լրատվամիջոցները աշխատանքային շաբաթը մեկնարկել են մեծ աղմուկով` «միջնորդները հրապարակել են վեց սկզբունքները, որոնց շուրջ ընթանում են ղարաբաղյան կարգավորման բանակցությունները»: Այնպիսի տպավորություն է, թե նշված 6 սկզբունքի մասին հայ ու ադրբեջանցի լրագրողներն հենց նոր իմացան:

Իրականությունն այն է, որ խորվաթական Դուբրովնիկ քաղաքում կայացել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստ, որտեղ առանձին լսումներ են կայացել «ԵԱՀԿ դերը հակամարտությունների կարգավորման գործում» թեմայով: Եվ քանի որ միակ հակամարտությունը, որտեղ ԵԱՀԿ-ն միայնակ, ավելի ճիշտ` ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ շատ ավելի ճիշտ` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը, դերակատարություն ունի` միջնորդական առաքելություն է իրականացնում, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է, այդ լսումների ժամանակ քննարկվել է հենց ղարաբաղյան հարցը: Քննարկման ձևաչափն էլ, նման դեպքերի համար չափազանց հստակ է եղել. Հիմնական զեկուցողներ են եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահաներ Ռոբերտ Բրադտկեն, Իգոր Պոպովն ու Բեռնար Ֆասինեն, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահողի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

Քննարկման մանրամասների մասին շատ բան հայտնի չէ: Անակնկալի եկած լրագրողներն ընդամենը փոխանցում են, որ Ռոբերտ Բրադտկեն հրապարակել է այն վեց սկզբունքները, որոնց ուղղությամբ ներկայումս աշխատանք է տարվում: Ըստ որում` այդ սկզբունքներն ադրբեջանական ԶԼՄ-ների մատուցմամբ ձևակերպվել են այսպես.
1. Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից զորքերի դուրս բերում
2. Լեռնային Ղարաբաղին անցումային կարգավիճակի տրամադրում
3. Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ անմիջական կապի ապահովում
4. Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերջնական որոշում
5. Փախստականների վերադարձ
6. Տարածաշրջանում անվտանգության միջազգային ապահովում եւ խաղաղարար գործողության իրականացում:

Թե որոշների ոգևորությունն ինչով է պայմանավորված, դժվար է ասել: Բանն այն է, որ համանախագահները Դուբրովնիկով որևէ բան չեն հրապարակել: Այսինքն` նրանց հայտարարություններում որևէ նորություն չկա: Նշված վեց կետերը, ըստ որում, հրապարակվել են դեռ երկու տարի առաջ` 2009 թվականի հուլիսի 10-ին` իտալական Աքվիլայում «Մեծ ութնյակի» գագաթաժողովի շրջանակներում համանախագահ երկրներ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների արած հայտարարությամբ: Ավելին` դրանք կրկին ներկայացվել են մեկ տարի անց` 2010 թվականի հունիսի 26-ին, կրկին «Մեծ ութնյակի» գագաթաժողովի ժամանակ` Մուսկոկայում, և կրկին Բարաք Օբամայի, Դմիտրի Մեդվեդևի ու Նիկոլա Սարկոզիի համատեղ հայտարարությամբ:

Նրանք, ովքեր տեղյակ չեն, նշենք, որ բոլոր երեք նախագահների պաշտոնական կայքերում նշված հայտարարությունները զետեղվել է հենց հրապարակման օրը և ըստ ճաշակի կարելի է ծանոթանալ դրանց անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն տարբերակներին` սեղմելով այս հղումները.

Աքվիլայի հայտարարությունը` անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, և Մուսկոկայի հայտարարությունը` անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն:

Ահա այս հղումներից հյուրաքանչյուրից կարելի է տեղեկանալ, որ 2007 թվականի նոյեմբերի 27-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահներն առաջարկել են հիմնարար սկզբունքների մադրիդյան փաթեթը, որտեղ ներկայացված 6 կետերը ձևակերպված են հետևյալ կերպ (ըստ Կրմելի պաշտոնական կայքում Մուսկոկայի հայտարարության տեքստի).

1. Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ
2. Լեռնային Ղարաբաղի համար միջանկյալ կարգավիճակ, որը կերաշխավորի անվտանգություն ու ինքնավարություն
3. Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցք
4. Լեռնային Ղարաբաղի ապագա վերջնական կարգավիճակի սահմանում` նրա բնակչության պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով
5. Բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների իրավունք` վերադառնալու իրենց նախկին բնակության վայրը
6. Միջազգային անվտանգության երաշխիքները` ներառյալ խաղաղապահ գործողություն:

Ինչպես երևում է` համանախագահներն իսկապես որևէ բան չեն հրապարակել, այլ ընդամենը ներկայացրել են մինչ այժմ հրապարակվածը: Բայց չի կարելի նաև անտեսել այն իրողությունը, որ ադրբեջանական ԶԼՄ-ները, որոնք էլ հեղինակել են աղմուկն ու որոնց էլ հղում են անում հայկական ԶԼՄ-ները, էականորեն խեղաթյուրել են պաշտոնական ձևակերպումները (հատկապես ընդգծված հատվածներում):

Սա վկայում է այն մասին, որ ադրբեջանական լրատվամիջոցները, որպես տեղեկատվության սկզբնաղբյուր, ամենևին էլ հուսալի չեն: Ինչ վերաբերում է Դուբրովնիկում կայացած քննարկմանը, ապա հրապարակված տեղեկատվության մեջ միակ արժեքավոր հայտարարությունը հեղինակել է ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը: Վերջինս նախ նշել է, որ խնդիրը կարող է լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով, ապա նշել, որ դրա համար կողմերը քաղաքական կամք պետք է դրսևորեն:

Placeholder
Մեծ աղմուկ` ոչնչից. Միջնորդները ոչինչ էլ չեն հրապարակել