Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այսօր Ջերմուկում անցկացվող Գյուղական համայնքների առաջին համաժողովի ընթացքում Համաշխարհային բանկի՝ Հայաստանի գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափիի ելույթին արձագանքեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Այստեղ հավաքել ենք գյուղական համայնքների ղեկավարներին, որպեսզի լուրջ խնդիրներ քննարկենք: Ձեր ելույթից այս մարդիկ կարող է մտածեն, թե ճգնաժամը եկել, չոքել է մեր դռանը»:
Նշենք, որ Ժան Միշել Հափին իր ելույթում նշեց, թե ՀԲ-ի պորտֆելի մոտ 60 տոկոսից ավելին տեղակայված է Հայաստանի գյուղական վայրերում, և հայկական տնտեսությունը դեմ առ դեմ կանգնած է եվրոգոտու ճգնաժամից առաջացած խառնաշփոթի առջև: Ըստ նրա` վիճակն ավելի է վատանում սննդամթերքի գների աճի պատճառով: Ժան Միշել Հափի դիտարկմամբ՝ գյուղատնտեսությունը Հայաստանում մի շարք մարտահրավերների առաջ է կանգնած:
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերով` դեռևս որևէ մեկը չի բնորոշել, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի երկրորդ ալիքն այստեղ առկա է:
«Չի կարելի վատ սպասումներ ձևավորել: Փորձագետների կարծիքն այս առումով միանշանակ չէ: Շնորհակալ ենք, որ միշտ մեզ զգուշացնում եք, որ կա ճգնաժամ, ընդունում ենք, որ կա, բայց այդ ալիքն այստեղ չի հասել»,-հայտարարեց Սերժ Սարգսյանը:
ՀՀ Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը նախագահի արձագանքից հետո ասաց.«Ժան Միշելի ելույթից հետո կարելի է ենթադրել, որ Համաշխարհային բանկը կմեծացնի Հայաստանի ֆինանսավորումը»: