Ս.Սարգսյան. «Չափազանց լավատես եմ հայ-լիբանանական հարաբերությունների ապագայի առումով»
Քաղաքական
15:40 09/12/2011

Ս.Սարգսյան. «Չափազանց լավատես եմ հայ-լիբանանական հարաբերությունների ապագայի առումով»

«Հայաստանի և Լիբանանի քաղաքական հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, ինչի վկայությունն են ակտիվ շփումներն ու փոխայցերը»,- ՀՀ-ում պաշտոնական այցով գտնվող Լիբանանին նախագահ Միշել Սուլեյմանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Երկու նախագահների բանակցությունների ժամանակ կարևորվել են հայ-լիբանանյան հարաբերությունների օրակարգը և զարգացման հեռանկարները: Հայաստանի և Լիբանանի միջև առկա են շուրջ երեք տասնյակ փաստաթղթեր, որոնք առնչվում են տարբեր ոլորտներին, իսկ Միշել Սուլեյմանի այցի շրջանակում այսօր ստորագրվեց ևս յոթը, որոնցում կարևոր տեղ են զբաղեցնում տնտեսական համագործակցությունը կարգավորող պայմանագրերը.

«Գոհունակությամբ պետք է նշեմ ներդրումների ուղղությամբ վերջին շրջանում գրանցված առաջընթացը. այսօր Լիբանանը հանդիսանում է 5-րդ ներդրողը Հայաստանում» ,- նշեց նախագահ Սարգսյանն ու ավելացրեց` «այդուհանդերձ դեռևս հեռու ենք մեզ բավարարող ցուցանիշներից, ուստի այսօրվա բանակցություններում կրկին անգամ կարևորվեց երկկողմ առևտրի և ներդրումների խթանումը , երկու երկրների բիզնես շրջանակների միջև ավելի սերտ հարաբերությունների հաստատումը»:

Առևտրատնտեսական կապերի զարգացմանը նոր թափ հաղորդելու առումով նախագահ Սարգսյանը նաև կարևորեց ընթացիկ տարվա մայիսին ստեղծված Լիբանան-Հայաստան բարեկամական ասոցիացիայի գործունեությունը:

Հայաստանի ղեկավարը հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց Լիբանանին խորհրդարանական մակարդակով Հայոց Ցեղասպանության ճանաչման համար, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց գործընկերոջը ամեն տարի Ցեղասպանության տարելիցին` ապրիլի 24-ին, Բեյրութում հայ համայնքի կողմից կազմակերպվելիք միջոցառումներին աջակցելու համար:

Վերջում նախագահ Սարգսյանն ընդգծեց, որ չափազանց լավատես է երկկողմ հարաբերությունների ապագայի առումով և վստահություն հայտնեց, որ համատեղ ջանքերով առաջիկայում կարձանագրվի դրանց էլ ավելի խորացում և ամրապնդում ` ի հարատևություն երկու ժողովուրդների բարեկամության: Իսկ անդրադառնալով միջազգային կառույցներում երկկողմ հարաբերություններին` հավելեց.

«Հայաստանն ու Լիբանանը իրենց հնարավորությունների շրջանակում մշտապես աջակցել են միմյանց միջազգային կառույցներում երկու բարեկամական երկրների համար կենսական նշանակություն ունեցող հարցերում: Շարունակելու ենք համագործակցել նույն փոխըմբռնման ու փոխվստահության մթնոլորտում»:
 

Placeholder
Ս.Սարգսյան. «Չափազանց լավատես եմ հայ-լիբանանական հարաբերությունների ապագայի առումով»