Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի N1 ֆիլտր-կայան
Քաղաքական
18:37 27/02/2012

Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի N1 ֆիլտր-կայան

 

 Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է մայրաքաղաք Ստեփանակերտի N1 ֆիլտր-կայան և ծանոթացել այնտեղ իրականացվող աշխատանքների ընթացքին: Ինչպես տեղեկակցում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, Արցախի ղեկավարը կարևորել է ֆիլտր-կայանի նշանակությունը մայրաքաղաքի համար և աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ կոնկրետ հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:

Այնուհետև նախագահ Սահակյանն այցելել է նոր կազմավորվող երկրաբանական-հետախուզական կայանի տարածք, որը համապատասխան շինարարական աշխատանքներ իրականացնելուց հետո կհանդիսանա դաշտային անձնակազմի և տրանսպորտային միջոցների տեղակայման կենտրոնական գոտի:

Բակո Սահակյանը ծանոթացել է կայանի նախագծին, ինչպես նաև լեռնային պայմաններում երկրաբանների կեցության համար անհրաժեշտ պայմաններով հագեցած մեքենայի հնարավորություններին: Երկրի ղեկավարը նշել է, որ լեռնահանքային արդյունաբերությունը մեր տնտեսության կարևոր ճյուղերից մեկն է, և նրա զարգացումը հանրապետության համար ունի առաջնային նշանակություն:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին ԼՂՀ Նախագահի խորհրդական Գրիգորի Գաբրիելյանցը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

 

Placeholder
Բակո Սահակյանն այցելել է Ստեփանակերտի N1 ֆիլտր-կայան