Սերժ Սարգսյան. Հայ ժողովուրդն աստիճանաբար վերագտնում է իր ժողովրդավարական ավանդույթները, որոնց արմատները դարերի խորքում են
Քաղաքական
14:21 07/03/2012

Սերժ Սարգսյան. Հայ ժողովուրդն աստիճանաբար վերագտնում է իր ժողովրդավարական ավանդույթները, որոնց արմատները դարերի խորքում են

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հյուրընկալվել է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում, որտեղ հանդես է եկել ելույթով, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին:

Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, նախագահն անդրադարձել է անկախությունից ի վեր եվրոպական զարգացման ուղին ընտրած Հայաստանի Հանրապետության եվրամերձեցման քաղաքականության իրագործման ուղղությամբ եվրոպական կառույցների հետ համագործակցությամբ մեր երկրում իրականացված աշխատանքներին ու առաջիկա ծրագրերին:

Հայ ժողովրդի այդ ընտրությունը համարելով միանգամայն բնական՝ Սերժ Սարգսյանն իր ելույթում նաև փոքրիկ պատմական անդրադարձ է կատարել, նշելով, որ հայ ժողովուրդն աստիճանաբար վերագտնում է իր ժողովրդավարական ավանդույթները, որոնց արմատները դարերի խորքում են: Հանրապետության ղեկավարը հիշել է դեռևս Օսմանյան կայսրության տիրապետության տակ գտնվող Արևմտյան Հայաստանում 1860թ. ընդունված «Որոգայթ փառաց» կոչվող Ազգային սահմանադրությունը, որը մի քանի տարի անց եվրոպական պետությունների ճնշման տակ ստիպված էր հաստատել նաև սուլթանը: Այն նախատեսում էր արևմտահայերի ներկայացուցչական մարմինների ձևավորում համընդհանուր և գաղտնի քվեարկությամբ:

Ավելորդ համարելով նշել, որ օսմանյան իշխանությունները երկար չհանդուրժեցին հայերի կողմից առաջադիմության այս բռնկումը և առաջին իսկ առիթի պարագայում դադարեցրին դրա գործունեությունը՝ Նախագահ Սարգսյանը հիշեցրել է, թե ինչով ավարտվեց հայ առաջադիմականության և օսմանյան դժնդակ իրականության բախումը, որը հայտնի է համաշխարհային պատմությանը ծանոթ յուրաքանչյուր անձնավորության:

Placeholder
Սերժ Սարգսյան. Հայ ժողովուրդն աստիճանաբար վերագտնում է իր ժողովրդավարական ավանդույթները, որոնց արմատները դարերի խորքում են