Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ապրիլի 22-ից Երևանը պաշտոնապես կստանձնի «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսը
«Երևանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» հռչակմանը նվիրված մշակութային միջոցառումները նշելու համար Երևանի փոքր կենտրոնում շուրջ 23 բեմահարթակներ են կառուցվելու, ինչպես նաև գրավաճառ կետեր են բացվելու (օրինակ, մայիսի 5-ից հունիսի 10-ը Ազատության հրապարակում է կազմակերպվելու գրավաճառ կետեր), կազմակերպվելու են գրքի բացօթյա տոնավաճառներ: Այս մասին ասուլիսում ասաց Երևանի քաղաքապետի մշակութային գծով խորհրդական Արամ Սուքիասյանը` ընդգծելով, որ սպասվում են անակնկալ միջոցառումներ: Նա նշեց, որ գլխավոր միջոցառումներն անցկացվելու են Մատենադարանում ու Ազատության հրապարակում:
Ա. Սուքիասյանը հայտնեց, որ ապրիլի 22-ի երեկոյան լինելու է մայրաքաղաքի հանձնման արարողությունը: Ըստ նրա, այդ օրերին Հայաստան են ժամանելու 60 բարձրաստիճան հյուրեր, որոնցից միայն 13-ը` քաղաքապետեր:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Բուենոս Այրեսը պաշտոնապես Երևանին կփոխանցի Գրքի համաշխարհային մայրաքաղաքի տիտղոսը: Երևանը դարձել է Գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակված 12-րդ քաղաքը: Նախորդ տարիներին այդ տիտղոսին են արժանացել Մադրիդը /2001/, Ալեքսանդրիան /2002/, ՆյուԴելին /2003/, Անտվերպենը /2004/, Մոնրեալը /2005/, Թուրինը /2006/, Բոգոտան /2007/, Ամստերդամը /2008/, Բեյրութը /2009/, Լյուբլյանան /2010/ և Բուենոս Այրեսը /2011/:
Ա. Սուքիասյանն ասաց, որ Հայաստանի հետ միաժամանակ ՅՈՒՆԵՍԿՕ-ին Գրքի համաշխարհային մայրաքաղաք տիտղոսը ստանձնելու հայտ էին ներկայացրել նաև Անգլիան և Չինաստանը, սակայն ընտրվել է հենց Հայաստանի մայրաքաղաք Երևանը` հաշվի առնելով նաև այն փաստը, որ այս տարի նշվում է Հայ գրատպության 500-ամյակը: