«Հացը լեռներում» տոնածիսական կերակուրների փառատոն. ներկայացվելու է հայկական 13 տոների խորհրդանշական ուտեստները
Հասարակություն
12:40 09/06/2012

«Հացը լեռներում» տոնածիսական կերակուրների փառատոն. ներկայացվելու է հայկական 13 տոների խորհրդանշական ուտեստները

Հունիսի 12-ին Էրեբունի արգելոց-թանգարանի հարակից հրապարակում կազմակերպվելու է «Հացը լեռներում» տոնածիսական կերակուրների փառատոն, որի ընթացքում ներկայացվելու է հայկական 13 տոների (Ամանոր, Սուրբ Սարգիս, Բարեկենդան, Ծաղկազարդ, Նավասարդ, Զատիկ, Վարդեվառ, Սուրբ ծնունդ-Ջրօրհնեք, Տերընդեզ, Համբարձում, Խաչվերաց, Մեծ պաս, Խաղողօրհնեք) խորհրդանշական ուտեստները: Այս մասին ասուլիսում ասաց «Հայ խոհարարակական ավանդույթների զարգացման ու պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:

Նրա խոսքով, նման փառատոն անցկացնելու նպատակն է նպաստել հայկական ավանդական ուտելիքների պահպանմանն ու ներկայացմանը ժամանակակից սերնդին: Ցանկացողներին կտրամադրվի նաև բաղադրատոմսը:

Փառատոնին ընդհանուր առմամբ լինելու է 20 տաղավար: ՀԿ-ի քարտուղար Վահե Անթանեսյանն ասաց, որ հրավեր են ուղարկել Հայաստանում բնակվող բոլոր ազգային փոքրամասնություններին, հրավերն ընդունել են միայն հույներն ու ուկրաինացիները: Նրանք պետք է փորձեն ներկայացնել իրենց ազգային խոհանոցը:

ՀԿ փոխնախագահ Ռուզաննա Նահապետյանն ասաց, որ փառատոնն ուղեկցվելու է հայկական ազգային երգ-երաժշտությամբ, պարային համարների ուղեկցությամբ: Կազմակերպիչների վստահմամբ, ամենուրեք զգացվելու է հայկական շունչ:
Նշենք, որ անցկացվում է 4-րդ անգամ:

Ս. Մամուլյանը նաև ասաց, որ իրենք դիմել են նախորդ ԱԺ-ին, դիմելու են նաև նորընտիր ԱԺ-ին` հունիսի 12-ը հայտարարել հայ խոհարարի օր:

Placeholder
«Հացը լեռներում» տոնածիսական կերակուրների փառատոն. ներկայացվելու է հայկական 13 տոների խորհրդանշական ուտեստները