Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ցմահ դատապարտյալ, նախկին բժիշկ Մհեր Ենոքյանը, որն արդեն երկու օր է Սլավոնական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ուսանող է, այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ամբաստանյալի աթոռին նստեց ոչ թե ճաղերի հետևում, այլ վանդակից դուրս` դատապապաշտպանի կողքին: Նախ Ենոքյանը տեղեկացրեց, որ իրավաբանական կրթություն է ստանալու` հետագայում իր շահերը պաշտպանել կարողանալու համար, այնուհետև ներկայացրեց գործով ձեռք բերված նոր հանգամանքները:
Հիշեցնենք այսօրվա Վերաքննիչ դատարանի արտագնա նիստում քննվում էր Ենոքյանի վերաքննիչ բողոքը: Պաշտպանական կողմը բողոքում էր գործի վերանայման վերաբերյալ Գլխավոր դատախազության մերժման մասին որոշումը: Ենոքյանը բազմիցս հայտարարում էր, որ գործով ձեռք են բերվել նոր հանգամանքներ և անհրաժեշտ է վերանայել քրեական գործը:
Այսօր Վերաքննիչ դատարանի արտագնա նիստում, որը տևեց շուրջ երկու ժամ, Ենոքյանը ներկայացրեց 20 էջանոց մի քանի նոր փաստական հանգամանքներ, մասնավորապես, ներկայացրել է, որ Վեհափառին դեռևս 2005-ին ուղղված իր դիմումի բովանդակությունը որի համաձայն, սպանության դրդապատճառը եղել է ոչ թե կենցաղային հենքը, այլ Արամ Հարությունյանի կողմից «կրոնական ատելությունն ու հակահրեական մեծ գաղափարները»: Այնուհետև ներկայացրեց արխիվային տեղեկություններ, որոնց համաձայն ինքը դեռևս այն տարիներին բարձրաձայնել է, որ սպանությունը տեղի է ունեցել կրոնական ատելության հողի վրա, սակայն իրավապահ մարմինների կողմից այն ուշադրության չի արժանացել: Ասել է նաև, որ նույնիսկ երբ այդ մասին խոսել է, քննիչի կողմից իր հասցեին սպառնալիքներ են հնչել, թե «մի խոսիր, թե չէ ընտանիքիդ վնաս կտանք»:
Մեղադրող դատախազ Արթուր Դավթյանն իր հերթին պնդեց, որ գլխավոր դատախազությունը չի կարող 1996 թվականին օրինական ուժի մեջ մտած դատավճիռը բեկանել:
Կողմերին լսելուց հետո դատավոր Արշակ Խաչատրյանը խորհրդակցական սենյակում տասը րոպեում որոշում կայացրեց և որոշեց մերժել վերաքննիչ բողոքը:
Նկատենք, որ այսօրվա արտագնա դատական նիստում Մհեր Ենոքյանը ճաղերի հետևում էր, սակայն նա հայտարարեց, որ իրեն ստորացված է զգում այդ վիճակով ներկա լինել նիստին և վկայակոչելով ԵԽ պահանջները, պահանջեց տեղափոխել իրեն: Դատարանը կատարեց պահանջը, և Ենոքյանը նստեց դատապաշտպանի կողքին:
Գործի տեղեկանք
Բժշկական համալսարանի 20-ամյա ուսանող Մհեր Ենոքյանը 1996 թվականին դատապարտվել էր մահապատժի (2003 թ-ի ՀՀ նախագահի ներման հրամանագրով պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ)` մեղադրվելով համակուրսեցուն սպանելու համար: Ըստ ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի 1996թ. Նոյեմբերի 29-ի դատավճռի նկարագրական մասի`«1996թ. հուլիսի 12-ին, Երևան քաղաքի բնակիչ Մհեր Ենոքյանը, հանցավոր համաձայնության գալով Արամ Հարությունյանի հետ, իր համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու և դիակի տեղը հայտնելու համար վերջինիս ծնողներից 20'000 ԱՄՆ դոլար գումար պահանջելու նպատակով, Իոսիֆ Աղաջանովին տարել է Արամ Հարությունյանի բնակարան, որտեղ էլ շահադիտական նպատակներով և առանձին դաժանությամբ սպանել են Իոսիֆ Աղաջանովին:
Նա բացովի բանալիով (разводной ключ) հարվածներ է հասցրել Իոսիֆ Աղաջանովի գլխին, որից հետո նաև դանակով հարվածել նրա կրծքավանդակի աջ շրջանին, աջ աչքի ենթակողային շրջանին, կրծքավանդակի աջ կեսի ենթաերակային շրջանին: Այդ ընթացքում Արամ Հարությունյանը բռնել է Իոսիֆ Աղաջանովի ոտքերը, իսկ, երբ վերջինս ուշաթափ ընկել է, Մհեր Ենոքյանի պահանջով նա դանակով կտրել է Իոսիֆ Աղաջանովի պարանոցը (շնչափողը, կերակրափողը, գանգուղեղը սնուցող մայր զարկերակային անոթը և այդտեղ տեղակայված նյարդերը): Ստացված վնասվածքներից Իոսիֆ Աղաջանովը մահացել է: Դիակը դրել են նախապես ձեռք բերված բրեզենտե պայուսակի մէջ, դուրս տարել և թաքցրել հողածածկ ճանապարհի եզրով կառուցված բետոնապատ հենապատի հետևի մասում և ծածկել քարերով»:
Մհեր Ենոքյանը իրեն մեղավոր չի ճանաչել և այժմ էլ պնդում է, թե մարդասպան չէ: Դատարանում տվել է միևնույն ցուցմունքները, թե փորձել է կանխել հանցագործությունը, սակայն դա նրան չի հաջողվել: Արամ Հարությունյանն ընդունել է մեղքը` ասելով, որ կատարել է սպանություն և դատապարտվել նույն հոդվածով, սակայն 15 տարվա ազատազրկման: Արամ Հարությունյանն արդեն մեկ տարի է` ազատության մեջ է:
Ենոքյանը պնդում է, թե մայիսի կեսերին, այսքան տարի անց, իր գործով ի հայտ են եկել նոր հանգամանքներ։ Այժմ Ենոքյանի պաշտպանը հայց է ներկայացրել դատախազության դեմ և պնդում է, որ իր գործով ի հայտ են եկել նոր հանգամքներ, որոնք դատախազությունը պարտավոր է դարձնել քննության առարկա: