Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Նախագահը գործ ու դարդ չունի հ՞ա նստի, Րաֆֆիին նամակ գրի. Պատգամավորի դիտարկումները
Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական խմբակցության անդամ Համլետ Հարությունյանը կարծում է, որ ապրիլի 9-ին Ազատության (կամ Հանրապետության) հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպելիք միջոցառումը շինծու է:
«Նա շարունակում է պնդել շինծու երդմնակալության արարողության մասին, բայց էդպիսի դեպք եղել է՞ համաշխարհային պատմության մեջ: Մենք պետք է ամեն ինչում, ամեն վատ բանում առաջինը լինե՞նք: Ես ծանոթ չեմ, որ համաշխարհային պատմության մեջ էդպիսի բան եղած լինի: Այո, եղել է երկիշխանություն, եղել է եռապետություն: Բայց էսպիսի բա՞ն: Դա մեր երկրի համար վտանգավոր է, մեր թշնամիները դրանից օգուտներ են քաղելու», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Ազատության հրապարակում ապրիլի 9-ին նոր Հայաստան կազմավորելու մասին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագրերը, ասաց պարոն Հարությունյանը:
Ինչ վերաբերում է Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ապրիլի 9-ին կայանալիք ԱԺ հատուկ նիստին, որտեղ Սերժ Սարգսյանի կերդվի, ապա նրա համոզմամբ, այդ օրը տեղի է ունենալու «համազգային տոնախմբություն», որին «պարտավոր» են մասնակցել բոլոր պատգամավորները` անկախ միմյանց նկատմամբ քաղաքական վերաբերմունքից:
Նշենք, որ խորհրդարանական խմբակցություններից երդմնակալության արարողությանը չեն մասնակցելու ՀԱԿ, ՀՅԴ, Ժառանգություն խմբակցությունները: Առայժմ չի կողմնորոշվել Բարգավաճ Հայաստան խմբակցությունը:
Անցնելով Հովհաննիսյանի գործունեությանը, ապա Հանրապետական պատգամավորի խոսքով, իր համար այդպես էլ չբացահայտված մնացին Ժառանգության առաջնորդի քաղաքական ցանկություններն ու նպատակները:
«Ինձ համար նրա վարքագիծը անհասկանալի է: Ես ոչ գիտեմ նրա ծագումնաբանությունը 100 տոկոսով, ես չգիտեմ, թե նա ինչ նպատակներ ունի Հայաստանում: Չգիտեմ, թե ի վերջո ով է ղեկավարում այդ պրոցեսները, թե իրեն են ղեկավարում: Ես նրա պայքարում անկեղծություն չեմ տեսնում: Անկեղծ մարդը հաշվի կառնի Ղարաբաղի իրավիճակը և այդ արարքով ծաղրի առարկա չի դառնա: Այն, ինչ անում է Րաֆֆի Հովհաննիսյանը, մեր երկրի համար, մեր մարտավարության համար բացասական հետևանքներ է թողնելու»,- հավելեց Հարությունյանը:
Հարցին, թե Սարգսյան-Հովհաննիսյան նամակագրություն-երկխոսությանը պատգամավորը հեռանկար տեսնո՞ւմ է, Հարությունյանը նախ արձագանքեց, որ այդ երևույթը քաղաքակիրթ քաղաքական գործընթաց էր, այնուհետև հավելեց. «Նամակը դիվանագիտական գրագրություն է: Իսկ թե դրա հետևանքներն ինչպիսին կլինեն, չեմ կարող ասել: Բայց նախագահը շատ պատշաճ, քաղաքական մշակույթին տուրք տալով գեղեցիկ առաջարկություններ է արել: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը մի անգամ խազ ա քաշել, մի անգամ չգիտեմ ինչ է արել: Համենայն դեպս Րաֆֆի Հովհաննիսյանը մեծ հնարավորություն ուներ ավելի լուրջ պայքարի ձև ընտրել, քան ինքը հիմա անում է»:
Այսինքն Րաֆֆի Հովհաննիսյանի պայքարն անլո՞ւրջ է, հարցին Հարությունյանը պատասխանեց. «Դե եթե նախագահի նամակներին անլուրջ պատասխաններ է տալիս, բա ի՞նչ է: Հիմա նորից ընկել է սար ու ձորերը: Ես ինքս էլ չեմ կարողանում կողմնորոշվել, հասկանալ, թե էդ մարդն ինչ է ուզում»:
Խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորից հետաքրքրվեցինք նաև, թե այնուամենայնիվ ի՞նչ ճակատագիր կունենա Սարգսյան-Հովհաննիսյան նամակագրությունը, Հարությունյանը պատասխանեց, որ դրա շարունակությունը չի տեսնում:
«Այդ նամակագրությունը միակողմանի էր: Այսինքն` երբ դու ցանկացած մարդու նամակ ես գրում և ադեկվատ պատասխան չես ստանում, դադարեցնում ես նամակագրական կապը: Ես կարծում եմ, որ նախագահի նամակներին կամ գրություններին, Րաֆֆի Հովհաննիսյանը ադեկվատ պատասխան չի տվել, հետևապես իմ խորին համոզմամբ, նախագահը դադարել է նամակ գրել: Դե հո նախագահը գործ ու դարդ չունի՞ հա նստի Րաֆֆիին նամակ գրի: Րաֆֆին էլ եսիմ որ ձորերում ա, որ սարերում ա, փոստը աշխատում ա, թե չի աշխատում», նկատեց Հանրապետական պատգամավորը: