Կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին օրենքի նախագծին
Տնտեսություն
11:47 06/06/2013

Կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին օրենքի նախագծին

2013 թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կկազմի 45 հազար դրամ` ներկայիս 35 հազար դրամի փոխարեն: ՀՀ կառավարությունն այսօր հավանություն տվեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքերով` աշխատավարձերը կբարձրացվեն նաև 2014թ-ի հունվարի 1-ից, որի նպատակով կհատկացվի շուրջ 50 մլրդ դրամ: «Սա շոշափելի փոփոխություն կլինի աշխատավարձերի ոլորտում, իսկ առաջին քայլն այսօր արդեն կատարել ենք»,-ասաց վարչապետը:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2013-2017թթ. ծրագրի դրույթները, ինչպես նաև ՀՀ կողմից վավերացված միջազգային համապատասխան պայմանագրային պարտավորությունների կատարման անհրաժեշտությունը: Այս նպատակով անհրաժեշտ է մինչև 2017թ. ապահովել նվազագույն աշխատավարձի չափի հետևողական բարձրացում, որի որոշման հիմքում պետք է ընկած լինեն հետևյալ հիմնական գործոնները` մակրոտնտեսական կայունության ապահովումը, ՀՀ պետական բյուջեի ընթացիկ և կանխատեսվող ֆինանսական հնարավորությունները:

Նախագծով առաջարկվող նվազագույն աշխատավարձի չափի բարձրացմամբ պայմանավորված` անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաև «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքներում, որոնց նախագծերը ևս ներառված են «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի փաթեթում:
Կառավարության հիմնավորման համաձայն` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ պետական ոլորտի աշխատողների աշխատավարձի բարձրացման համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կպահանջվի լրացուցիչ շուրջ 6 մլրդ. դրամ:

Նշենք, որ 2009թ. նվազագույն աշխատավարձը սահմանվել է 30000 դրամ, որից հետո 2011թ-ին բարձրացավ 2500 դրամով և դրա չափը (32500 դրամ) պահպանվեց 2012թ., իսկ 2013թ. հունվարի 1-ից` 35000 դրամ:

Placeholder
Կառավարությունը հավանություն տվեց նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին օրենքի նախագծին