Հրանտ Բագրատյան. Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հարցը պետք է դնել հանրաքվեի
Քաղաքական
15:00 18/09/2013

Հրանտ Բագրատյան. Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հարցը պետք է դնել հանրաքվեի

«Հիմա Սերժ Սարգսյանը պետք է համարձակություն հավաքի և ասի, որ Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հարցը պետք է դնենք հանրաքվեի»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքերով` եթե ռեֆերենդումն ասաց «այո» Մաքսային միությանը, պետք է որոշակի քայլեր ձեռնարկել, որպեսզի Մաքսային միությունում Հայաստանի համար ավելի լավ լինի։ «Կեղծ, թե անկեղծ ընտրություն կլինի, նշանակություն չունի: Բացի ռեֆերենդումից, ժողովրդի կամքի դրսևորման այլ ձև չկա: Հա, ով չի հասկանում, որ կեղծելու են, բայց եկեք փորձենք չկեղծեն, մի օր ազգ լինելո՞ւ ենք»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Պատգամավորը նշեց, որ դեռ նախագահական ընտրություններին ինքը հանդես է եկել երեք ծրագրով՝ տնտեսական, արտաքին և ներքին քաղաքականության վերաբերյալ: «Արտաքին քաղաքականության մեջ եղել եմ միակ թեկնածուն` ասելով, որ ինչ անում ենք, ապա պետք է անենք հանրաքվեի միջոցով, բացի այդ չպետք է ոչ Մաքսային միություն գնալ, ոչ էլ ԵՄ»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Նրա խոսքերով, երբ հայտարարվեց, որ գնում ենք Եվրոպա, զարմացել է` ինչպես կարելի է մեր անվտանգությունը թողնելով Ռուսաստանի ձեռքում՝ գնալ Եվրոպա: Ըստ նրա` Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ասում էր՝ պետք է ճանաչել ԼՂ անկախությունը և գնալ Եվրոպա, բայց այդպիսի բան չի լինում: «Իսկ լիբերալ Բագրատյանն ասում է` Եվրոպայից մի գնացեք, քանի որ կզայրացնեք Ռուսաստանին, իսկ մեզ Մաքսային միություն պետք չէ, զարգացման հեռանկարները շատ սահմանափակ են: Եւ իմ ասածը բացարձակապես ճիշտ դուրս եկավ: Կամ, որ վարչապետն ասում էր՝ ՄՄ հետ սահմաններ չունենք, անդամակցություն չի լինի: Կրկնում եմ, որ սահմանի առկայությունը որևէ գրոշի արժեք չունի»,- ասաց Հ.Բագրատյանը` հավելելով, որ եթե Հայաստանը Եվրոպայի հետ չսկսեր բանակցությունները, ապա հիմա չէր մտնի Մաքսային միություն: Նա նշեց նաև, որ ՄՄ-ը անդամակցելու համար Ռուսաստանի կողմից մինչև 2013թ-ի մայիսի 26-ը ոչ մի ճնշում չի եղել:

Հարցին, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկել, որպեսզի Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը շահի, Հ.Բագրատյանն ասաց, որ առաջին հերթին պետք է հանձնաժողով ստեղծել, որը կհաշվարկի Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի առավելությունները։ Ըստ նրա` գտնվել Մաքսային միության մեջ, որտեղ միության երեք անդամներից երկուսը էներգակիրների խոշոր արտահանողներ են, մեկը` ներմուծող, կնշանակի այս պայմաններում փակել հանրապետության տնտեսությունը, քանի որ գտնվելու ենք մի վիճակում, երբ տարիֆները չորս անգամ պետք է բարձրացվեն: Դրա համար, պետք է նրանց առաջ դնել հետևյալ հարցը` չեզոքացնել էներգակիրների բացասական էֆեկտը, իսկ եթե չընդունեն, պետք է ժամանակ խնդրել` Հայաստանի տնտեսությունն այդ միությանն ադապտացնելու համար։

Նա նշեց նաև, որ Մաքսային միությանն անդամակցելուց հետո` սպասվում է ռուբլու գոտի։ «Մաքսային միությունն անհնար է պատկերացնել առանց ռուբլու գոտու»,- ասաց նա:

Հ. Բագրատյանի խոսքերով` Մաքսային միությանն անդամակցությունն ունի նաև դրական կողմ՝ կարող է ծաղկել գինու ու կոնյակի արտադրությունը, բացի այդ, կավելանան ռուսական ներդրումները:

Placeholder
Հրանտ Բագրատյան. Հայաստանի՝ Մաքսային միություն մտնելու հարցը պետք է դնել հանրաքվեի