ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն անդրադարձել է Դավութօղլուի Հայաստան կատարած այցին
Քաղաքական
13:03 12/12/2013

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն անդրադարձել է Դավութօղլուի Հայաստան կատարած այցին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Ջեն Փսակին նախօրեին ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուի Հայաստան կատարելիք այցին: Հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը:

«Մենք ողջունում ենք նրա Հայաստան կատարելիք այցը և հուսով ենք, որ նրա այցելությունը հնարավորություն կընձեռի տարածաշրջանի առաջնորդների միջև երկխոսություն սկսել: Մենք շարունակում ենք կոչ անել Թուրքիային և Հայաստանին վավերացնել կարգավորման արձանագրությունները և հետամուտ լինել, որպեսզի շոշափելի քայլեր ձեռք բերվի, ինչպիսին է սահմանի բացումը, որը կարող է ուժեղացնել կապերը հարևանների միջև, աշխատատեղեր ստեղծել երկու երկրների ժողովուրդների համար: Մենք աջակցություն ենք հայտնում այցին և հուսով ենք, որ նրանք ի վիճակի կլինեն գործընթացն առաջ տանել»,- նշել է վերջինս:

Հիշեցնենք, որ 2009թ.-ից Հայաստանը նախաձեռնել էր հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթաց, ինչի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրություններ են ստորագրվել, որոնք նախատեսում էին դիվանագիտական հարաբերությունների հաստատում և հայկական սահմանների բացում: Սակայն Թուրքիայի խորհրդարանը առ այսօր չի վավերացրել արձանագրությունները՝ իրավիճակը տանելով փակուղի:


 

Placeholder
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն անդրադարձել է Դավութօղլուի Հայաստան կատարած այցին