Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀԿ-ն կարող է վարչապետի պաշտոնը վստահել ոչ ՀՀԿ-ական մարդկանց. Արմեն Աշոտյան (տեսանյութ)
Վարչապետի հրաժարականը ապացույցն էր այն բանի, որ կառավարության կազմավորումը բացառապես կախված է քաղաքական մեծամասնության, մեր երկրի նախագահի որոշումներից: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Հայաստանի կրթության, գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանը, փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը:
Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, որը ապրիլի 3-ին Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բավարարվել էր: ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմումը ներկայացրել էր դեռ մեկ ամիս առաջ, սակայն չէր ընդունվել, քանի որ կային որոշ ծրագրեր, որոնք պետք է ավարտին հասցնեին:
Հարցին, թե արդյոք Աշոտյանը տեղյակ է եղել ,որ Տիգրան Սարգսյանը դեռ մեկ ամիս առաջ է գրել հրաժարականի դիմումը, նա բացասական պատասխան է տվել ու հավելել. «Ես տեղյակ չէի, բնականաբար: Վարչապետը որևէ պարտավորություն չունի տեղյակ պահելու նախարարներին: Ես կարծում եմ, որ նորմալ գործընթաց է` կառավարությունները գալիս են աշխատում են, գնում են: Իսկ սահմանադրական գոևրծընթացները ենթադրում են, որ կառավարությունները գալիս ու հրաժարական են տալիս բացառապես քաղաքական մեծամասնության որոշումով»:
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինքն իրեն նոր կառավարության կազմում տեսնո՞ւմ է, ինչին Աշոտյանը պատասխանեց հումորով. «Ես ինձ տեսնում եմ Հանրապետական կուսակցությունում: Կարծում եմ` դա բավարար է, որ դուք ինձանից պրծում չունենաք»:
Ինչ վերաբերում է վարչապետի թեկնածուներին, Աշոտյանը նշեց, որ ինքը տեսնում է մի շարք արժանի մարդկանց, որոնց քաղաքական մեծամասնությունը կարող է վստահել նոր կառավարության կազմավորումը և երկրի զարգացման ծրագրերի մշակումը:
Հաջորդ հարցին, թե հնարավո՞ր է, որ կառավարության ղեկավարումը վստահվի ոչ Հանրապետական կուսակցության ներկայացուցչի, Աշոտյանը պատասխանեց. «Հանրապետական կուսակցությունը հանդիսանալով երկրի քաղաքական կյանքի ողնաշարն ու շարժիչ ուժը, իրեն կարող է թույլ տալ նման տեսակի շռայլություններ` վարչապետի պաշտոնը վստահելու ոչ քաղաքական մեծամասնության մաս կազմող մարդկանց»:
Նախարարի պաշտոնակատարը ընդգծեց, որ ինքը Հանրապետական կուսակցության թիմից է և խորին հարգանք ունի Տիգրան Սարգսյանի նկատմամբ:
«Շատ բարձր եմ գնահատում այն տարիները, որ պատիվ եմ ունեցել աշխատել նրա կառավարությունում որպես ԿԳ նախարար` հաշվի առնելով այն ուշադրությունը, որ Տիգրան Սարգսյանը ունի կրթության, գիտության նկատմամբ: Իր հետ աշխատելը շատ դժվար էր միաժամանակ` հնարավոր էր հարցերը կոնստրուկտիվ դաշտում քննարկել և լուծել, դժվար էր, որովհետև նա խորամուխ էր լինում բոլոր տեսակի հարցերի մեջ», -հավելել է Աշոտյանը: