Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան. Կարևոր չէ, թե որտեղ են հանդիպում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները
«Միակ բանը, որ կարող ենք հիմա անել՝ աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին և այդ ջանքերի շնորհիվ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը, որը տեղի կունենա Սոչիում: Հույս ունենք, որ այս հանդիպման արդյունքով հնարավոր կլինի լարումը թեթևացնել և ցրել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Ջեյն Լիչը՝ պատասխանելով վերջին օրերին սահմանում նկատվող լարվածության մասին հարցին:
Նա չկարևորեց, թե որտեղ է տեղի ունենում այդ հանդիպումը՝ Սոչիում, թե Փարիզում, այլ կարևորեց, որ այդ հանդիպումը տեղի ունենա ու նախագահները գան համաձայնության:
«Մենք անհամբեր սպասում ենք այդ հանդիպմանը: Սպասենք ու տեսնենք թե ինչ ելքեր կլինեն այդ հանդիպումից և այնուհետև, հույս ունեմ, ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջ կտանի սեղանին դրվող առաջարկները»,- շեշտեց դեսպան Լիչը:
Պատասխանելով հարցին, թե ինչո ՞ւ միջազգային հանրությունը կոնկրետ չի պատասխանում Ադրբեջանի նախագահի կողմից հնչող ռազմատենչ հայտարարություններին և արդյո՞ք այդ հայտարարությունները, մասնավորապես նախօրեին Ի. Ալիևի արած հերթական հռետորաբանությունը, չեն խանգարում նախագահների հանդիպումից առաջ կառուցողական մթնոլորոտ ապահովելուն, նա նշեց. «Այսօր միջազգային հանրության նպատակն է կենտրոնանալ առաջիկա հանդիպման վրա, կոչ անել հանդիպման բոլոր կողմերին առավելագույն ջանքերը գործադրել լարվածությունն նվազեցնելու ուղղությամբ»: