Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց մի շարք քաղաքացիներ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ մտցնելու օրինագծի դեմ այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել : Ավելի ուշ ակցիայի մասնակիցները՝ ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնության անդամները, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին են հանձնել իրենց ծավալուն նամակը՝ առաջարկություններով հանդերձ:
Նամակում, մասնավորապես ասված է.
«Ինչպես տեղյակ եք, սոււյն թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ Կառավարությունը քննարկել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծերի փաթեթում առաջարկվում է վերոնշյալ օրենքում կատարել մի քանի փոփոխություններ, որոնք խնդրահարույց են և արդարացիորեն առաջացրել են ՀՀ բազմաթիվ քաղաքացիների մտահոգությունը:
Նկատի ունենալով վերոնշյալ օրենքի կարևորությունը ՀՀ քաղաքացիների սոցիալական իրավունքների պաշտպանության, Հայաստանում կանանց և տղամարդկան հավասար հնարավությունների ապահովման և ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնված պարտավորությունների իրականացման տեսանկյունից, ինչպես նաև էապես մտահոգված լինելով Հայաստանում առկա անբարենպաստ ժողովրդագրական իրավիճակի խորացման հիմնախնդրով` կոչ ենք անում ՀՀ կառավարարությանը ձեռնպահ մնալ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում ստորև թվարկված փոփոխությունները կատարելուց»:
Այնուհետ նշվում է, որ ողջունելով ՀՀ կառարավարության` չաշխատող մայրերին մայրության նպաստ
տրամադրելու մտադրությունը՝ իրենք հավատացած են , որ չաշխատող մայրերին աշխատող մայրերի հաշվին փոխհատուցելու Կառավարության մոտեցումը ոտնահարում է ՀՀ միջազգային պայմանագրերով նախատեսված մարդու և քաղաքացու մի շարք սոցիալական իրավունքներ, հակասում է ՀՀ կողմից որդեգրված մի շարք քաղաքականություններով սահմանված սկզբունքներին:
Ըստ նամակի հեղինակների՝ օրենքը հակասում է ՀՀ ռազմավարական գերակայություններին, այն հանդիսանուըմ է մարտահրավեր ՀՀ-ում ժողովրդագրական աճի համար, օրենքը ոտնահարում է սոցիալական արդարության սկզբունքները և ոտնահարում է սոցիալական պաշտպանության իրավունքները, խախտում է աշխատողների իրավունքը, ոտնահարում է նաև երեխայի իրավունքները և այլն:
«Հաշվի առնելով վերոնշյալները կոչ ենք անում ՀՀ կառավարությանը ձեռնպահ մնալ «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում վերոնշյալ խնդրահարույց, խտրական և չափազանց վտանագավոր փոփոխությունները կատարելուց:
Ակնկալում ենք Ձեր հրապարակային և գործնական պատասխանը սույն նամակին: Մենք պատրաստակամ ենք Ձեզ հետ հանդիպելու և մեր մտահոգությունները առերես և հրապարակավ Ձեզ հետ քննարկելու: Հայտնում ենք ձեզ, որ մեր ձայնը լսելի չդառնալու դեպքում օգտվելու ենք օրենքով մեզ վերապահված բոլոր իրավունքներից` ներառյալ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավունքից», - հավելել են Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության հասարակական նախաձեռնության անդամները:
Նախորդող`
Բողոքի ակցիա` մայրության նպաստի կրճատման դեմ