Մսամթերք արտադրող 11 տեղական ընկերություններ հնարավորություն ունեն իրականացնել մսամթերքի արտահանում ՌԴ
Տնտեսություն
11:37 18/11/2014

Մսամթերք արտադրող 11 տեղական ընկերություններ հնարավորություն ունեն իրականացնել մսամթերքի արտահանում ՌԴ

Նոյեմբերի 12-ից մսամթերք արտադրող և վերամշակող թվով 11 տեղական արտադրողների հնարավորություն է ընձեռվել իրականացնել գառան, խոզի, տավարի և հավի մսից պատրաստված մսամթերքի արտահանում Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:

Նրա խոսքերով՝ մսամթերքի արտահանումը ՌԴ արգելվել էր 2007 թվականին: 

Հ. Մկրտչյանը հատնեց, որ նախորդ ամիս ՍԱՊԾ-ի պետ Արմեն Հայրապետյանը աշխատանքային այցով մեկնել էր ՌԴ` ռուս գործընկերների հետ քննարկելու տեղական շուկայի զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության պետ Սերգեյ Դանկվերտի հետ հանդիպման ընթացքում քննարկվել էին ինչպես ՌԴ ձուկ-ձկնամթերք արտահանելու թույլտվություն ունեցող կազմակերպությունների ցանկը, այնպես էլ միս-մսամթերք վերամշակող կազմակերպությունների արտադրանքը ռուսական շուկա արտահանելու նպատակով իրականացվելիք անհրաժեշտ գործողություններն ու ընթացակարգերը:

«Արդյունքները երկար սպասել չտվեցին և մսամթերք արտադրող և վերամշակող 11 արտադրողներ իրենց արտադրանքը կարտահանեն Ռուսաստան»,- ասաց Հ.Մկրտչյանը:

Նա նաև նշեց, որ առաջիկայում նախատեսվում է հանդիպում արտահանման թույլտվություն ստացած տնտեսավարող սուբյեկտների հետ, որի ընթացքում հայրենական արտադրողներին կներկայացվեն արտահանվող մսամթերքին ներկայացվող Մաքսային միության պահանջները (փաթեթավորում, մակնշում և այլն) ու համապատասխան ընթացակարգերը:

Տեսչության պետի խոսքերով՝ նախնական տվյալներով տեղական արտադրողները կարող են ամսական արտահանել 2500-3000 տոննա մսամթերք:

«Մենք արտահանման ավելի մեծ պոտնեցիալ ունենք: Կարծում եմ, որ արտահանումն իրականացնելու հետո պարզ կդառնա, թե իրականում ինչ ծավալով արտահանում կարող ենք իրականացնել»,- ասաց Հ. Մկրտչյանը:

Հարցին, թե արտահանման դեպքում ներքին շուկայում արդյոք մսամթերքը չի թանկանա, նա վստահեցրեց, որ թանկացում չի լինի, քանի որ հումքի 90 տոկոսից ավելին ներկրվում է Եվրոպայից, իսկ եվրոպական շուկայոմ մսամթերքի հումքի գինն էժանացել է:

Placeholder
Մսամթերք արտադրող 11 տեղական ընկերություններ հնարավորություն ունեն իրականացնել մսամթերքի արտահանում ՌԴ