Ձևավորվել է նոր սերունդ, որը հիմնվում է ապացուցողական բժշկության վրա. Ա. Մուրադյան
Կրթություն, գիտություն
10:24 02/07/2015

Ձևավորվել է նոր սերունդ, որը հիմնվում է ապացուցողական բժշկության վրա. Ա. Մուրադյան

«Այս համագումարը հրաշալի առիթ է ամփոփելու կատարված աշխատանքները, մեր ծրագրային մոտեցումներն ու խնդիրները»,- երեկ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեկնարկած Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության Արմեն Մուրադյանը:

Նա նշել է, որ այս տարի համագումարի շրջանակում շեշտադրվում են հանրային առողջապահական խնդիրները, հիվանդանոցային, պոլիկլինիկական և արտահիվանդանոցային բուժօգնության որակի բարելավմանն ուղղված աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից:

Նախարարն անդրադարձել է նաև համակարգի հաջողություններին` մատնանշելով իմունականխարգելման, սրտի անհետաձգելի վիրահատությունների, սկրինինգային, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարին ուղղված այլ ծրագրեր:

Ընթերցվել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձները:

Նախատեսվող աշխատանքները ներկայացրել է Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարի նախագահ Արա Բաբլոյանը: Ելույթ են ունեցել ՀՀ սփյուռքի նախագահ Հրանուշ Հակոբյանը, համագումարի կազմավորման ակունքներում կանգնած անհատներ:

Արմեն Մուրադյանն իր ելույթում անդրադարձել է առողջապահության քաղաքականությանը:

«Անշուշտ հենց համագործակցության արդյունքում են ծնվել համատեղ ծրագրեր, որոնք կոչված են լուծելու ամենալուրջ խնդիրները»,- ընդգծել է ՀՀ առողջապահության նախարարը` հավելելով, որ սերտ համագործակցությունը նպաստեց զարգացնելու նոր ուղղություններ` փրկելով տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր:

Որպես վառ օրինակ` նա հիշատակել է անոթային և սրտային վիրաբուժության ոլորտի հաջողությունները, ակադեմիական հայկական դպրոցի և անվանի, խոշոր սրտային վիրաբույժ Հրայր Հովակիմյանի համատեղ աշխատանքը, որը լայն թափ է հաղորդել մեր երկրում սրտաբանության զարգացմանը:

«Հետադարձ հայացք նետելով պետք է փաստենք, որ նման ծրագրերը բերեցին նոր մոտեցումներ: Ձևավորվեց նոր սերունդ, որը հիմնվում է ապացուցողական բժշկության վրա»,- նկատել է առողջապահական համակարգի պատասխանատուն:

Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո անցկացվող 4-րդ համագումարի շրջանակներում բանախոսները և մասնակիցները կանդրադառնան մեր օրերում առողջապահությանն առնչվող կարևոր հիմնախնդիրներին։

Կլուսաբանվեն ընդհանուր բժշկության, վիրաբուժության, ատամնաբուժության բուժքույրական, առողջապահական կրթական, էթիկայի, այլընտրանքային բժշկության ոլորտներում առաջխաղացումները, կարծարծվեն հարակից բազմաթիվ բժշկական ոլորտներում արդի այլ խնդիրներ: Ներկայացուցչական համագումարին մասնակցում է 18 երկրից ժամանած գրեթե 250 մասնագետ։ Ընդհանուր առմամբ, համագումարին կմասնակցեն 2000 բժիշկ և բուժքույր։

Հուլիսի 1-4-ը կկազմակերպվեն 17 սատելիտային սիմպոզիումներ` մարզային բժիշկներին փոխանցելու ոլորտի նորագույն մոտեցումները՝ նպաստելով միջազգային համագործակցության կամուրջներ հիմնելուն: Սատելիտային սիմպոզիումներին մասնակցությունն անվճար է:

Համագումարի երրորդ օրը կնվիրվի Հայաստան-Սփյուռք ծրագրերի և ապագա համագործակցության ռազմավարությանը:

2001 թվականից սկսած Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Հայ բժիշկների միջազգային կոմիտեի (AMIC) միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ բժիշկների միջազգային համագումարն անցկացնել Հայաստանում և Սփյուռքում համապատասխանաբար երկու տարին մեկ: Ընդ որում, մայր հայրենիքում Հայաստանի միջազգային բժշկական համագումար և սփյուռքում՝ Հայ բժիշկների համաշխարհային կոնգրես ձևաչափերով:

Տոնական միջոցառումը մեկտեղել է երկու առիթ, համագումարի շրջանակում նշվել է նաև Հայաստանի բուժաշխատողի օրը: Հնչեց Հայաստանի Հանրապետության օրներգը:

Միջոցառման պաշտոնական մասին հաջորդել է համերգային ծրագիր՝ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ (դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան): Դասական երաժշտության ներքո ցուցադրվել է առողջապահական համակարգի պատմությանը, բժշկագիտության զարգացմանը, անվանի հայ բժիշկներին, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության «Կոչումով բժիշկ» նախագծի շրջանակում պատրաստված բժշկական գերդաստանների մասին պատմող տեսաֆիլմեր: Համերգային ծրագրի վերջում Նունե Եսայանի կատարմամբ առաջին անգամ հնչել է Ռիտա Սարգսյանի հեղինակած «Խոսք սերնդին» ստեղծագործությունը:

Նախասրահում այցելուները ծանոթացել են մոսկվայաբնակ լուսանկարիչ Աննա Մանասարյանի «Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսին, որը նորածինների 100 լուսանկարում ամփոփում է ՀՀ-ում եւ ԼՂՀ-ում հեղինակի շրջագայությունը: ՀՀ առողջապահության նախարարության հետ իրականացված նախագիծը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ցուցահանդեսից հետո լուսանկարները կզարդարեն հանրապետության 27 ծննդատները: 

Placeholder
Ձևավորվել է նոր սերունդ, որը հիմնվում է ապացուցողական բժշկության վրա. Ա. Մուրադյան