Թող խաղաղվեն սեֆիլյանները, էս երկրում խժդժություն չի լինելու, ՀՀ Ոստիկանապետ
Իրավունք
10:51 06/12/2015
Հայաստան

Թող խաղաղվեն սեֆիլյանները, էս երկրում խժդժություն չի լինելու, ՀՀ Ոստիկանապետ

«Քվեարկել եմ և հանուն զարգացման», -այսօր Երևանի 9/14 հանրաքվեի տեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, որի քվեարկությունը հանձնաժողովի անդամների կողմից ծափահարության արժանացավ:

Լրագրողը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ իրավիճակը թեժանալու դեպքում Րաֆֆի Հովհաննիսյանին հրավիրի աղոթելու, Գասպարյանը չբացառեց` նկատելով, որ ամեն ինչ հնարավոր է:

«Աղոթքից պետք չի խուսափել, չաղոթողներից է պետք խուսափել», -ասաց նա:

Լրագրողների խնդրանքով անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունններին, թե այսօր անհնազանդության օր է, Գասպարյանը հայտարարեց. «Թող խաղաղվեն սեֆիլյանները, էս երկրում խժդժություն չի լինելու: Ամեն ինչ օրենքի սահմաններում: Օրենքի ցանկացած խախտում շատ խիստ և արագ կպատժվի»:

Նա նաև ասաց, որ ինքն այժմ խաղաղություն է զգում:

Նշենք, որ այսօր անկախ Հայաստանի պատմության մեջ երրորդ անգամ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե է անցկացվում: Հանրաքվեի դրված փաստաթուղթը առաջարկում է  կիսանախագահական համակարգից անցում  խորհրդարանական համակարգի:

Հանրաքվեին դիտորդական առաքելություն է իրականացնում 18 տեղական և 6 միջազգային կազմակերպություն:

Placeholder
Թող խաղաղվեն սեֆիլյանները, էս երկրում խժդժություն չի լինելու, ՀՀ Ոստիկանապետ