«ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» ծրագիրը հաստատվեց
Տնտեսություն
12:03 10/12/2015
Հայաստան

«ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» ծրագիրը հաստատվեց

ՀՀ կառավարությունն այսօր նիստում հաստատեց «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036թ.) զարգացման ուղիները» ծրագիրը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց էներգետիկայի համակարգի երկարաժամկետ զարգացման ծրագրի ընդունումը, քանի որ այս ոլորտը մեր երկրի տնտեսության ողնաշարն է: Միաժամանակ, վարչապետը շնորհակալություն հայտնեց այն միջազգային կազմակերպություններին, որոնք օգնել են կառավարությանը ծրագիրը մշակելու հարցում:

Գործադիրի նիստում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացնելով ծրագիրը՝ նշեց, որ հաշվի առնելով 2013-2014թթ. ընթացքում վառելիքաէներգետիկ շուկայում և էներգետիկ համակարգում կիրառվող տեխնոլոգիաների ոլորտում արձանագրված զարգացումները, ինչպես նաև տարածաշրջանային ինտեգրման խորացման և ընդլայնման նկատվող միտումներն ու Իրանի, ՌԴ-ի և այլ երկրների հետ բանակցությունների արդյունքները, անհրաժեշտություն է առաջացել նախանշել և մեկտեղել երկարաժամկետ հեռանկարում (մինչև 2036թ.) էներգետիկայի բնագավառում ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերը, որի նպատակով մշակվել է սույն ծրագիրը:

Ե.Զախարյանի խոսքերով՝ ծրագրի նպատակն է` ունենալ ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ` մինչև 2036թ. զարգացման տեսլականը, որը նպատակաուղղված կլինի ապահովելու Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության դրույթներին համահունչ:

Փաստաթուղթը ներառում է Հայաստանի ընդհանուր վառելիքաէներգետիկ համալիրի նվազագույն ծախսերով և ժամանակակից տեխնոլոգիաներով համալրված հեռանկարային զարգացումները, ինչպես էներգիայի արտադրության, այնպես էլ էներգետիկ համակարգի ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման մասով: Այն թույլ կտա ապահովել ամբողջ էներգահամակարգի երկարաժամկետ զարգացումը՝ հաշվի առած բոլոր էներգապաշարները (նավթամթերքներ, միջուկային, հիդրո, վերականգնվող, կենսազանգված, և այլն), արտադրող և փոխանցող ենթակառուցվածքները, սպառման բոլոր ոլորտներում (արդյունաբերություն, տրանսպորտ, բնակչություն, ծառայություններ, գյուղատնտեսություն) տեխնոլոգիաները:

Այս փաստաթղթի մշակման անհրաժեշտությունը հիմնավորված է նաև նրանով, որ նոր ատոմային բլոկի շահագործման հանձնելու գործընթացը տևում է առնվազն 10 տարի և համապատասխան որոշում կայացնելու համար կառավարությանը հարկավոր է ունենալ երկրի վառելիքաէներգետիկ համալիրի երկարաժամկետ զարգացումների և ռիսկերի տեսլականը:

Placeholder
«ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» ծրագիրը հաստատվեց