Առողջապահության նախարարությունում և բուժհիմնարկներում տոնական օրերին կսահմանվի հերթապահություն
Առողջություն
12:45 29/12/2015

Առողջապահության նախարարությունում և բուժհիմնարկներում տոնական օրերին կսահմանվի հերթապահություն

Հայաստանի առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում` 2015 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2016 թվականի հունվարի 10-ը, նախարարությունում նախատեսվում է իրականացնել  հերթապահություններ` որպես պատասխանատուներ ընդգրկելով նախարարի տեղակալներին և վարչությունների պետերին: Այդ մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:

Ըստ աղբյուրի, նշված ժամանակահատվածում քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ ապահովելու նպատակով ուժեղացված հերթապահություններ են իրականացվելու նաև Հայաստանի Հանրապետության պետական պատվեր իրականացնող բոլոր հիվանդանոցային բժշկական կազմակերպություններում:

Ամանօրյա հերթապահություններ են սահմանվել նաև  հանրապետության ամբուլատոր–պոլիկլինիկական կազմակերպություններում` առողջության առաջնային պահպանման բժիշկների և վերջիններիս բուժքույրերի մասնակցությամբ` ներգրավելով նաև վիրաբույժ/վնասվածքաբանների:

Բոլոր` հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում, որպես պատասխանատու, տնային հերթապահներ են նշանակվել բժշկական կազմակերպությունների տնօրենները, տեղակալները և բաժնի վարիչները:

Միաժամանակ, շարունակելու է նաև գործել առողջապահության նախարարության շուրջօրյա «թեժ գիծ» հեռախոսահամարը` (010)  52 88 72: 

Տոնական օրերին գերատեսչության աշխատանքների հսկողությունը կգտնվի առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:

Placeholder
Առողջապահության նախարարությունում և բուժհիմնարկներում տոնական օրերին կսահմանվի հերթապահություն