Երիտասարդը դատապարտվել է՝ կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու համար
Իրավունք
15:09 04/03/2016

Երիտասարդը դատապարտվել է՝ կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու համար

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Հրաչիկ Սարգսյանի նախագահությամբ մարտի 3-ին կայացրած դատավճռով 26-ամյա Կարլենին դատապարտել է՝ կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու համար:

Կարլենը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչն է, ունի միջնակարգ կրթություն, զբաղվում է հողագործությամբ: Արմավիրի մարզային քննչկան կոմիտեն քրեական գործ էր հարուցել և նախորդ տարի հունվարի 25-ին նրա նկատմմաբ մեղադրանքն առաջադրվել էր  ՀՀ Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, այսինքն՝ 21 տարին լրացած անձը պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել անչափահաս անձի հետ։

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է դատարանի կայացրած դատավճռից (հրապարակաված է Դատական տեղեկատվական համակարգում), այս պարագայում Կարլենը պարբերաբար սեռական հարաբերություն է ունեցել սեփական կնոջ հետ: Կինը՝ Կարինեն, եղել է անչափահաս՝ 16 տարեկան, ամուսնացել են, ապրել միասին ու «գյուղի իր տանը աղջկա հետ պարբերաբար ունեցել է սեռական հարաբերություններ»:

Փետրվարի 17-ից մեկնարկած դատական նիստում Կարլենը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով, իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու հայտնել, որ զղջում է կատարած հանցանքի համար, դատարանից խնդրել իրեն ներել, իր ընտանիքը չքայքայել և իր նկատմամբ նշանակել ազատազրկման հետ չկապված մեղմ պատիժ։

Կայացրած դատավճռում դատարանը գտել է, որ ամբաստանյալը կատարել է հանցանք, ինչի համար պետք է պատասխանատվություն կրի: Իսկ պատիժը նշանակելիս դատարանը հաշվի է առել երիտասարդի կատարած «հանցագործության բնույթն ու հասարակական վտանգավորության աստիճանը»։

Դատարանում տուժողը (տղայի կինը) ու տուժողի օրինական ներկայացուցիչը դատարանին հայտնել են, որ ամբաստանյալի նկատմամբ քաղաքացիական հայցի կամ այլ պահանջ չունեն, քանի որ ամբաստանյալն ու տուժողը ամուսիններ են ու դատարանից խնդրել են երիտասարդի նկատմամբ նշանակել ազատազրկման հետ կապ չունեցող մեղմ պատիժ և նորաստեղծ ընտանիքը չքայքայել։

Այդպիսով, դատարանը վճռել է 4 տարվա ազատազրկման դատապարտել Կարլենին, բայց միևնույն ժամանակ որոշել է պայմանականորեն չկիրառել նշանակված պատիժը՝ սահմանելով փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով: Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին մնացել է անփոփոխ:
 

Placeholder
Երիտասարդը դատապարտվել է՝ կնոջ հետ սեռական հարաբերություն ունենալու համար