Միջազգային մամուլի առաջին արձագանքները Երևանում ավարտված ճգնաժամի վերաբերյալ
Քաղաքական
11:06 01/08/2016

Միջազգային մամուլի առաջին արձագանքները Երևանում ավարտված ճգնաժամի վերաբերյալ

Միջազգային առաջատար լրատվական գործակալությունները և ԶԼՄ-ները անդրադարձել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող ՀՀ Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամների՝ իշխանություններին հանձնվելուն:

Reuters գործակալությունը մեջբերում է ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունն այն մասին, որ ՊՊԾ գնդի տարածքի ազատագրմանն ուղղված «հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է, ձերբակալվել է 20 ահաբեկիչ»:  

EuroNews-ը հրապարակել է զինված խմբավորման հանձնվելու կադրերը, որը ուղիղ հեռարձակմամբ նկարահանելու հնարավորություն էին ստացել 1in.am կայքը և Ազատություն ռադիոկայանը, որը անվտանգության նկատառումներից ելնելով հրաժարվել էր այդ հնարավորությունից:

Ի հավելումն ԶԼՄ հրապարակումներին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ևս հանդես է եկել կարճ հաղորդագորությամբ, որ «Լիցքաթափված ենք Էրեբունու ոստիկանական գնդի շուրջ դիմակայության խաղաղ հանգուցալուծման մասին լուրերով»:

Associated Press-ը համապարփակ ներկայացնում է հուլիսի 17-ի առավոտյան ՊՊԾ գնդի գրավումով սկսված ճգնաժամի մանրամասները՝ ներառյալ «Սասնա ծռեր» խմբավորման ներկայացրած պահանջները, նրանց ներկայացնելով իբրև «ռադիկալ ընդդիմադիր խումբ»,ո րի զինված գործողությունները հանգեցրին նաև բազմամարդ փողոցային երթերի և ցույցերի:

Associated Press-ի հրապարակումը վերատպվել է նաև այլ առաջատար ԶԼՄ-ներում՝ New York Times, Time և այլն:

Արաբական Al Jazeera հեռուստաընկերությունը նաև տեսանյութ է հրապարակել Երևանից, որտեղ լրագրող Ռոբին Ֆորեսթեր-Ուոլքերը խոսում է նաև երևանյան ցույցերի մասնակիցների հետ, ովքեր արտահայտում են ՊՊԾ գնդի գրավման գործողության և երկրի ներքին քաղաքական վիճակի վերաբերյալ իրենց գնահատականները:




Ֆրանսիական Agence France-Presse-ի անդրադարձը նաև լայնորեն տարածվել է այլ երկրների ԶԼՄ-ներում:

Բրիտանական BBC-ն հիշեցնում է, որ նախօրեին ՊՊԾ գնդից դուրս գտնվող տարածքում դիպուկահարի կրակոցից սպանցել էր երկրորդ ոստիկանը՝ Յուրա Տեփոնոսյանը:

Նախօերին Associated Press-ը նաև հիշեցրել էր զինյալների կողմից Շտապօգնության ծառայության բժիշկների պատանդառման մասին, որի քննադատությամբ էին հանդես եկել շատերը:

Placeholder
Միջազգային մամուլի առաջին արձագանքները Երևանում ավարտված ճգնաժամի վերաբերյալ