Ավիափոխադրումների ոլորտում ոչ թե կրիմինալ, այլ ծանր մրցակցություն է. Սերգեյ Ավետիսյան
Տնտեսություն
16:41 20/12/2016
Հայաստան

Ավիափոխադրումների ոլորտում ոչ թե կրիմինալ, այլ ծանր մրցակցություն է. Սերգեյ Ավետիսյան

Ավիափոխադրումների ոլորտում ոչ թե կրիմինալ, այլ ծանր մրցակցություն է: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ասաց Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը՝ անդրադառնալով «Արմենիա» ավիաընկերության հիմնադիր-նախագահ Թամազ Գաիաշվիլի հայտարարությանը, թե Հայաստանում ավիափոխադրումների ոլորտում անբարեխիղճ, նույնիսկ կրիմինալ մրցակցություն է:

«Ծանր մրցակցություն կա, հատկապես եթե խոսում ենք ռուսական ուղղությունների մասին, որտեղ «Արմենիա» ավիաընկերությունը ցանկանում է մուտք գործել, և մասնավորապես՝ Մոսկվայի մասին։ Օրական ունենք 14-15 չվերթ, կարծում եմ՝ պարզ է, թե ինչ մրցակցություն է տեղի ունենում» ,- նշեց Սերգեյ Ավետիսյանը՝ հավելելով, որ «բաց երկնքի քաղաքականության» անցումը ինքնին ենթադրում է մրցակցություն, որի միջոցով հնարավոր է հասնել տոմսերի գների էժանացմանը, աշխարհագրական դիվերսիֆիկացիայի, ավելի լավ ծառայությունների մատուցմանը։

Հարցին, թե այսպիսի պայմաններում վտանգ չկա, որ Հայաստանը կկորցնի տեղական ավիափոխադրողին, Սերգեյ Ավետիսյանը պատասխանեց. «Վտանգը միշտ կա : Մեզ համար առաջնահերթ է, որ լինի հավասար մրցակցային դաշտ ՝ունենալով թափանցիկ, ճիշտ միջավայր»։

Նա նաև նշեց, որ մշտապես բանակցությունների մեջ են տարբեր ավիաընկերություններ հետ: «Մենք ստեղծում ենք բարենպաստ պայմաններ և բիզնես միջավայր, որպեսզի ավիաընկերությունները  մուտք գործեն մեր երկիր»,- ասաց նա:

Placeholder
Ավիափոխադրումների ոլորտում ոչ թե կրիմինալ, այլ ծանր մրցակցություն է. Սերգեյ Ավետիսյան