Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Առաջին եռամսյակում Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն աճել է 18,2%-ով
2017 թվականի առաջին եռամսյակում Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 18,2%-ով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը` հավելելով, որ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 599 հազար 341 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա 498 հազար 291-ի դիմաց:
Նրա խոսքերով՝ հիմնական աճն ապահովել է Իրանի շուկան՝ 17,7%, Ռուսաստանի շուկան՝ 7,5%, առաջին հնգյակը գլխավորում են Չինաստանը, Գերմանիան և Ֆրանսիան՝ ավելի ցածր տոկոսներով:
Անդրադառնալով Ռուսաստանում հայկական զբոսաշրջային արդյունքի ներկայացմանն ու խթանմանը՝ Զարմինե Զեյթունցյանն ասաց, որ Ռուսաստանում ակտիվ գործընթաց են սկսել: Առաջին միջոցառումը՝ «Հայաստան, իմ յոթերորդ զգայարան» խորագրով, տեղի է ունեցել մարտի 31-ից ապրիլի 1-ը Մոսկվայում:
«Այնտեղ ներկայացրել ենք Հայաստանի և Արցախի զբոսաշրջային արդյունքը: Հիմնական նպատակն է եղել Ռուսաստանում ներկայացնել Հայաստանն իր բոլոր կողմերով՝ մշակույթ, արվեստ, խոհանոց»,- ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը:
Զարմինե Զեյթունցյանը նշեց նաև, որ երկու-երեք ժամվա ընթացքում ցուցասրահ է այցելել մոտ 3000 այցելու, որտեղ նաև մրցույթ է անցկացվել: «Բոլոր նրանք, ովքեր կնկարվեին հայկական գովազդային պաստառների առաջ և համապատասխան հեշթեգով կտեղադրեին սոցիալական ցանցերում, հնարավորություն ունեին շահել ուղևորություն դեպի Հայաստան: Ամենաշատ «լայքեր» հավաքողն արդեն հայտնի է, և շուտով նա կայցելի Հայաստան»,- ընդգծեց նա:
Ասուլիսին ներկա EXPO GROUP ընկերության հիմնադիր տնօրեն Վահագն Միրիջանյանն էլ հայտնեց, որ ապրիլի 21-23-ն արդեն 4-րդ անգամ Հայաստանում կանցկացվի «InTourExpo 2017» զբոսաշրջային ցուցահանդեսը, որը միջազգային մասշտաբների չէ, սակայն համապատասխանում է միջազգային չափանիշներին:
Այս տարի ցուցահանդեսին կմասնակցեն ընկերություններ Ռուսաստանից, Վրաստանից, Եգիպտոսից, Չեխոսլովակիայից, Արցախից, ինչպես նաև կլինեն տեղական ընկերություններ: Ընդհանուր առմամբ, ցուցահանդեսին կմասնակցեն 80-ից ավելի կազմակերպություններ, որոնցից 14-ը արտասահմանյան: