Ապրիլին բանջարեղենի, կաթնամթերքի, ձվի գները նվազել են, մրգինը՝ աճել
Տնտեսություն
12:16 05/05/2018
Հայաստան

Ապրիլին բանջարեղենի, կաթնամթերքի, ձվի գները նվազել են, մրգինը՝ աճել

2018թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.2% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի, կաթնամթերքի, պանրի և ձվի՝ համապատասխանաբար 5.3% և 3.1% գնանկումը:

Բանջարեղենի ապրանքախմբում 2018թ. ապրիլին 2017թ. ապրիլի համեմատ գների մակարդակը նվազել է 12.3%-ով, իսկ 2018թ. մարտի համեմատ՝ 5.3%-ով:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2018թ. ապրիլին մարտի համեմատ բանջարեղենի գները նվազել են 8.3-3.7%-ով, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Իջևանում: Մայրաքաղաքում բանջարեղենի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 4.9%-ով:

Ինչ վերաբերում է մրգի գներին, ապա 2018թ. ապրիլին 2017թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 4.5%, իսկ 2018թ. մարտի համեմատ 1.5% գնաճ:

Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում, ըստ ԱՎԾ-ի, 2018թ. ապրիլին 2017թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 2.0% գնաճ, իսկ 2018թ. մարտի համեմատ`3.1% գնակում, ինչին մեծապես նպաստել է ձվի 11.9% գնանկումը:

Մսամթերքի ապրանքախմբում էլ ապրիլին 2017թ. ապրիլի համեմատ գրանցվել է 11.8% գնաճ, իսկ 2018թ. մարտի համեմատ՝ 0.2% գնանկում:

Ըստ ԱՎԾ-ի՝ 2018թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է հացաբուլկեղենի և ձավարեղենի 0.3% գնանկում, իսկ շաքարի, սուրճի, թեյի, կակաոյի գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Placeholder
Ապրիլին բանջարեղենի, կաթնամթերքի, ձվի գները նվազել են, մրգինը՝ աճել