Գազի գնի հետ կապված բանակցությունները դեռ չեն ավարտվել
Տնտեսություն
12:04 09/12/2019
Հայաստան

Գազի գնի հետ կապված բանակցությունները դեռ չեն ավարտվել

Մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը Հայաստանում գազի գնի փոփոխություն չի լինելու, սակայն դրանից հետո ինչ է սպասում, դեռ հայտնի չէ: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն՝ ավելացնելով, որ այս մասին արդեն հայտարարել էր, այս պահին ավելի բան չի կարող ասել:

«Ավելի բան չեմ կարող ասել, թե ինչ տեղի կունենա ապրիլի 1-ից հետո: Բանակցությունները դեռ չեն  ավարտվել,  դեռ չենք  ամփոփել պայմանավորվածությունները»,- նշեց նա:

Նա նշեց, որ իրենք ունեն երեք բաղադրիչ, որոնք ազդեցություն ունեն գազի գնի վրա, որոնց շուրջ ընթանում են բանակցություններ. «Առաջին, գինը սահմանին, որը, ըստ էության գուցեև ունի որոշակի քաղաքական ենթաբաղադրիչ, բայց, այնուամենայնիվ, մենք խոսում ենք աշխարհում գազի գնի մասին: Իհարկե, գազ մատակարարող կամ գազ ունեցող երկրները հետևում են որոշակի ալգորիթմների, ֆորմուլաների: Բայց կարող եմ ասել, որ, այնուամենայնիվ, նույնիսկ այսօրվա դրությամբ  մեր սահմանի գինն արտոնյալ է:

Երկրորդ բաղադրիչը հայկական «Գազպրոմի»  տնտեսավորումն է, գազի մատակարարարումը որոշակի գործողություն է, ենթադրում է  ծախսեր:

Երրորդ բաղադրիչը՝  հայկական «Գազպրոմի» ներդրումը: Այդ ձեռնարկությունը, եթե ներդրումներ չանի, կմաշվի: Որոշակի ներդրումային պլան պետք է լինի, որի համաձայն պետք է իրականացվեն  ներդրումներ, որպեսզի այդ ծառայությունը մատուցվի  անվտանգ և  արդյունավետ»:

Placeholder
Գազի գնի հետ կապված բանակցությունները դեռ չեն ավարտվել