Երևանում ապրիլին կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը
Սպորտ
16:02 13/01/2023

Երևանում ապրիլին կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը

Ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունն այս տարի առաջին անգամ անցկացվելու է Հայաստանում: Մարզաձևի եվրոպական ֆեդերացիան հաստատել է մրցաշարի անցկացման ժամկետները:

Եվրոպայի 2023 թվականի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 14-ին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մրցումները ևս կանցկացվեն մարզահամերգային համալիրում՝ ապրիլի 15-23-ը:

ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, ծանրամարտի Հայաստանի հավաքականներն ուսումնամարզական հավաքներով կնախապատրաստվեն առաջիկա ստուգատեսին: Առաջին ուսումնամարզական հավաքը մեր ընտրանին կանցկացնի հունվարի 16-ից:

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է լինելու ծանրորդների համար Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար: Փարիզի Օլիմպիական խաղերում տղամարդիկ կմրցեն   61 կգ, 73 կգ, 89 կգ, 102 կգ և +102 կգ, իսկ  կանայք ՝  49 կգ, 59 կգ, 71 կգ , 81 կգ և +81 կգ քաշային կարգերում:

Փարիզ-2024-ին յուրաքանչյուր երկրից կարող է մասնակցել առավելագույնը 6 (3+3) մարզիկ։ Եթե որևէ թիմ ունի չորս և ավելի ուղեգիր, ապա պարտադիր է ընտրել երեքին: Տեղերը ձևավորվում են այն մրցումների արդյունքներով, որոնցում շնորհվում են վարկանիշային միավորներ:

Placeholder
Երևանում ապրիլին կանցկացվի ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը