Դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին
Իրավունք
11:44 27/02/2023
Հայաստան

Դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին

Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյան միջնորդությունը՝ դադարեցնելով Երևանի քաղաքի առաջին ատյանի  ընդհանուր իրավասության  քաղաքացիական դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները  էական  կարգապահական խախտումի հիմքով։ Այս մասին ԲԴԽ նիստում հայտարարեց ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանը՝ հրապարակելով ԲԴԽ որոշումը։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է։ 

 Նաիրա Հովսեփյանը պարզաբանեց, որ Զարուհի Նախշքարյանն արդեն ունեցել է կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, որը հանված չէ։ 

«Դատավոր Նախշքարյանն Աննա Փիլոսյանին կարգապահական  պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ հրապարակային կարծիք է հայտնել, ինչպես նաև հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատարանի գործողությունները, ինչը համարվում է դատավորի վարքագծի կանոնների խախտում»,- ասաց Նաիրա Հովսեփյանը։

Հիշեցնենք, որ արդարադատության նախարարությունը դիմել էր Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հերթական միջնորդությամբ, որի փաստական հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա «իր դրական վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի առնչությամբ» և, ըստ արդարադատության նախարարի, հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Ա.Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։

ԲԴԽ 2022թ. դեկտեմբերի 26-ի որոշմամբ դատավոր Ա.Փիլոսյանի լիազորությունները դադարեցվել էին՝ գերբեռնվածության պայմաններում աշխատելիս չորս գործով վճիռները տևական ժամանակով ուշացնելու համար։

Հիշեցնենք, որ նախկինում էլ արդարադատության նախարարությունը երեք միջնրոդություն էր ներկայացրել Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ, որոնիցի երկուսը մերժվել էին, իսկ մեկը՝ բավարարվել, և դատավորին հայտարարվել էր խիստ նկատողություն։

Placeholder
Դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները դադարեցվեցին