Երևանում բնակարանային գողության դեպքերի գերակշռող մասին ներգրավված են հանցավոր խմբեր. ՆԳՆ
Իրավունք
12:19 05/03/2025
Հայաստան

Երևանում բնակարանային գողության դեպքերի գերակշռող մասին ներգրավված են հանցավոր խմբեր. ՆԳՆ

Այս տարվա հունվարի 1-ից մինչև փետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում արձանագրվել է բնակարանային գողության 48 դեպք, որից բացահայտվել է՝ 21-ը:

Panoarama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից։

Անցած երկու ամիսներին բնակարանային գողության առավել շա դեպքեր գրանցվել են Շենգավիթում, Կենտրոնում, այսպես.

Մալաթիա-Սեբաստիա՝ ընդհանուր 4 դեպք, բացահայտված 1,
Շենգավիթ` ընդհանուր 11 դեպք, բացահայտված՝ 1,
Արաբկիր՝ ընդհանուր 3 դեպք, բացահայտված՝ 2,
Կենտրոն՝ ընդհանուր 8 դեպք, բացահայտված՝ 6,
Քանաքեռ-Զեյթուն՝ ընդհանուր 3 դեպք, բացահայտված՝ 1,
Նուբարաշեն՝ ընդհանուր 2 չբացահայտված դեպք,
Աջափնյակ՝ ընդհանուր 5 դեպք, բացահայտված՝ 2,
Էրեբունի` ընդհանուր 3 դեպք, բացահայտված՝ 2,
Նորք-Մարաշ՝ 1 բացահայտված դեպք և
Նոր Նորք 2 բացահայտված դեպք:

«Ոստիկանության աշխատակիցների կողմից իրականացված դիտարկումների և ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բնակարանային գողության դեպքերի գերակշռող մասին ներգրավված են հանցավոր խմբեր, քանի որ բնակարանային գողություններն իրենց մեջ պարունակում են առավել բարձր հանրային վտանգավորություն, ուստի հանցագործները գործում են ավելի զգուշավոր և սովորաբար դիմում են այլ անձանց օգնությանը «թիրախ» ընտրելու, իրենց նպատակը իրագործելու, հետագայում փախուստի եղանակները և գողոնի իրացման հնարավոր վայրերը ընտրելու հարցում»,-հայտնել են ՆԳ նախարարությունից։

Վերջին երկու տարիների ընթացքում բակարանային գրանցված գողությունների թիվը գրեթե անփոփոխ է։ 2023-ին Երևանում գրանցվել է 367 գողություն, 2024-ին՝ 368։ Սրան զուգահեռ նվազել են բնակարանային գողության դեպքերի բացահայտումները։ Եթե 2022-ին բացահայտվել է գողությունների 11.8 տոկոսը, ապա 2023-ին՝ 10.7 տոկոսը, իսկ 2024-ին՝ մոտ 6 տոկոսը։




Բացահայտված բնակարանային գողությունների առթիվ քննված վարույթներով շատ քիչ դեպքերում է, որ հարուցվում են քրեական հետապնդումներ։

Panoarama.am-ի գրավոր հարցման ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնել են, որ Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներում բնակարանային գողությունների դեպքերի առթիվ 2022 թվականի ընթացքում քննվել է 536, 2023-ի՝ 510, իսկ 2024-ի՝ 553 քրեական վարույթ։ 2022 թվականին քննված 536 քրեական վարույթից միայն 58-ով, 2023-ին՝ քննված 510 վարույթից միայն 30-ով և 2024-ին քննված 553 քրեական վարույթից միայն22-ով են հարուցվել քրեական հետապնդումներ։

ՔԿ-ում այս տարվա փետրվար ամսվա վիճակագրություն դեռ չունեն։ Հունվարին բնակարանային գողությունների դեպքերի առթիվ քննվել է 144 քրեական վարույթ, որից 13-ով հարուցվել են քրեական հետապնդումներ։

Բնակարանային գողության դեպքերի առթիվ քննված քրեական վարույթները՝ ըստ Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումների.

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում ոստիկանությունը բնակարանային գողությունների կանխարգելման համար։

Հարցին ի պատասխան ՆԳ նախարարությունից մարմնից նշել են.

«Քրեական ոստիկանության, ինչպես նաև ոստիկանության այլ ստորաբաժանումների աշխատակիցների կողմից բնակարանային գողությունների կանխարգելման նպատակով պարբերաբար բնակչության շրջանում անցկացվում են պրոֆիլակտիկ բնույթի աշխատանքներ, հորդորում է հնարավորության դեպքում տեղադրել տեսանկարահանող սարքեր:

Բացի այդ, մշտապես օպերատիվ բնույթի միջոցառումներ են անցկացվում նախկինում նմանատիպ հանցագործությունների համար դատապարտված անձանց շրջանում։

Բնակարանային գողության դեպքերը մշտապես գտնվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ղեկավարության ուշադրության կենտրոնում և պարբերաբար իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ բնակարանային գողության դեպքերը կանխարգելելու և բացահայտելու ուղղությամբ»։

Placeholder