Գերմանիայի ԱԳ նախարարը՝ ՀՀ-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» մասին
Քաղաքական
10:07 14/03/2025
Աշխարհ

Գերմանիայի ԱԳ նախարարը՝ ՀՀ-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» մասին

Իսպանիայի և Գերմանիայի ԱԳ նախարարությունները հայտարարությամբ ողջունել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը։

«Իսպանիան ողջունում է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև համաձայնագրի մասին լուրը և հույս ունի, որ այս հայտարարությունը կհանգեցնի երկու երկրների միջև վերջնական համաձայնագրի կնքմանը։

Իսպանիան վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը»,- նշված է Իսպանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։ 

«Տեղեկությունն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության են եկել  խաղաղության պայմանագրի շուրջ, հույս է ներշնչում։ Տասնամյակների թշնամանքից և պատերազմից հետո այն փաստը, որ կայուն խաղաղությունն այժմ հասանելի է, կարևոր է տարածաշրջանի և նրա սահմաններից դուրս»,- նշված է  նախարարության X-ում տեղադրված հայտարարության մեջ։

Նախարար Անալենա Բերբոքը կոչ է արել երկու կողմին ստորագրել խաղաղության համաձայնագիր։

«Երկար բանակցություններից հետո Հայաստանի  համարձակ զիջումները հնարավոր դարձրին այս վերջին քայլը այն ճանապարհին, որով մենք ուղեկցել ենք երկու երկրներին։ Ես կոչ եմ անում կողմերին ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- նշված է նախարար Անալենա Բերբոքի անունից Գերմանիայի ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում տարածված հայտարարության մեջ։

 

Placeholder
Գերմանիայի ԱԳ նախարարը՝ ՀՀ-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» մասին