21 հաստատությունում 27 մասնագիտություններով դուալ կրթությունը կկանոնակարգվի
Կրթություն, գիտություն
13:38 20/03/2025
Հայաստան

21 հաստատությունում 27 մասնագիտություններով դուալ կրթությունը կկանոնակարգվի

«Նախորդ՝ 2023-2024 ուսումնական տարում 9-րդ դասարանի շրջանավարտներից ամեն 3-րդը, այսինքն՝ շուրջ 30 %-ը, ընտրել է ՄԿՈւ համակարգում սովորելը»,-կառավարության նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա զեկուցեց «Մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց՝ ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր,առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում ներգրավելու, նրանց առողջությունը, անվտանգությունը և բարոյականությունը պահպանելու պայմանները սահմանելու մասին» որոշումը։

Նրա տեղեկացմամբ՝ Հայաստանում գործում է դուալ կրթության համակարգ, երբ ուսանողը միաժամանակ և՛ սովորում է, և՛ աշխատում, ու քանի որ խոսքը հատկապես անչափահասներին է վերաբերում, որոնց մի մասը ՄԿՈւ համակարգի ուսանողներ են, պետք է ապահովել նրանց՝ նմանատիպ աշխատանքներում ընդգրկվելու համար անհրաժեշտ՝ առողջության և անվտանգության պահպանման պայմանները:

Անդրեասյանի խոսքով՝ նախագծում նշվում է, թե ինչպիսի մեխանիզմներ պետք է գործեն, որպեսզի լինի պատշաճ վստահություն, որ օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում ներգրավվածությունն ընթանում է համարժեք 16-18 տարեկան անձանց համար ընդունելի պայմաններին։  

Ըստ նախարարի, դուալ ուսուցմամբ կրթական ծրագրեր իրականացվում են 21 հաստատությունում 27 մասնագիտություններով, և որ ցանկը շարունակում է ընդլայնվել:

Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Նախագծի հաջորդ կարևորագույն հատվածը հետևյալն է, որ մենք քոլեջների կառավարման համակարգերում ներգավենք իրական տնտեսության այն ներկայացուցիչներին, ում համար հայեցակարգային մակարդակով և գործնականում պետք է պատրաստենք կադրեր»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder