«Գործողություններ» Բուսաբանական այգում
Հասարակություն
14:47 21/03/2025
Հայաստան

«Գործողություններ» Բուսաբանական այգում

Երևանի բուսաբանական այգում տեղի ունեցած կաղնու ծառուղու  հատումը համացանցում և լրատվամիջոցներով բավականին մեծ աղմուկ առաջացրեց։ Դեպքից մի քանի օր անց Panorama.am-ի թղթակիցը կրկին այցելեց  Երևանի բուսաբանական այգի՝ տեղում հասկանալու, թե մի քանի օր առաջ ձևավորված հանձնաժողովն ի՞նչ աշխատանք է արել։ Բուսաբանական այգու մուտքի մոտ,թեև ունեինք գնած տոմս, բայց այդուհանդերձ մի քանի անգամ հստակեցրին,թե ո՞ր լրատվամիջոցից ենք, հետո միայն թույլ տվեցին առաջ անցնել՝ երկու անվտանգության աշխատակցի ուղեկցությամբ։ Բնականաբար տրամաբանական հարց է առաջանում, եթե այսքան խիստ է հսկողությունը, ապա ինչպե՞ս է ստացվել մի ամբողջ ծառուղու սպանդը։

Աշխատակիցներն ասացին, որ նոր են աշխատանքի անցել, երկու ամիս է արդեն։ Ծառահատման դեպքը տեղի է ունեցել մինչև իրենց աշխատանքի անցնելը։

 Նույն պատասխանը թերևս մեզ տվեց այգու տնօրենը՝ Ժաննա Հովակիմյանը, ասելով, որ որևէ ավելացնելու բան նախորդիվ արված հայտարարություններին դեռևս չունի, քանի որ ինքը երկու ամիս է պաշտոնին և կատարվածն իրենից առաջ է եղել։

Ինչ վերաբերում է  ձևավորված հանձնաժողովին, որի մասին այգու ղեկավարությունը հայտարարել էր դեպքից անմիջապես հետո, ապա տնօրենն ասաց, որ ընթացքի մեջ է։

Հստակեցրինք՝ ո՞վքեր են հանձնաժողովի կազմում,ի պատասխան Panorama.am-ին Բուսաբանական ինստիտուտի գիտական խորհրդի նախագահ Ժիրայր Վարդանյանն ասաց․ «Մերոնք են, մեկը կրտսեր գիտաշխատողն է, մյուսը՝ ավագ, Բուսաբանական ինստիտուստի ծառերից հասկացող մասնագետներն են»։

 Այսուհանդերձ,մեր այցի ընթացքում տնօրենի ձեռքին արխիվից նոր հանված փաստաթուղթ էր, որտեղ նշված էր 38 ծառերի հատման մասին։ Ասացին՝ ծառերի հատման հիմնավորման փաստաթուղթն է։

Կից՝ փաստաթղթի լուսանկարները։

«Նոր գտանք փասթաթուղթը, որովհետև տղաները հարցրեցին,թե ինչ փաստաթուղթ ունեք։ Մեր աղջիկը ման եկավ գտավ։ Այս փաստաթղթում գրված է, որ տեղ կա պետք է իրականացնել մասնակի հատում, տեղ կա՝ միայն գաթագային մասը։ Էն տղան տեսանյութում 30 հատ ծառ ա ասում, բայց տեղում երևում է, որ 10-12 հատը շատ վաղուց է հատված։ Թարմ հատված ծառեր էլ կան։ Հիմա տղաները (ԲԸՏՄ տեսուչները-խմբ․) գնացել, տեղում ուսումնասիրում են»,- խոստովանեց Վարդանյանը՝ փորձելով հիմնավորել, թե ինչու՞ են հատվել ծառերը․

«Երբ ծառը գագաթից է սկսում չորանալ,բույսն սկսում է քիչ-քիչ չորանալ։ Մարդու նման է, կենսաբանական կյանքի տևողությունը կրճատվում է, եթե պայմաններն էլ մի քիչ նպաստավոր չեն լինում, ապա արագանում է պրոցեսը»։

2022թ,-ին նախկին տնօրեն Արսեն Գասպարյանի օրոք տրված մասնագիտական եզարկացության փաստաթուղթը դեռ հատման հրաման չէ։ Բացի դրանից, ստորագրված վերոնշյալ փաստաթուղթը չի վերաբերում միայն ծառուղու ծառերին, այլ այգու տարբեր հատվածներում նախատեսված վթարավտանգ տարբեր ծառատեսակների հատումներին։

Panorama.am-ի հետ զրույցում  Բուսաբանական ինստիտուտի նախկին տնօրեն Արսեն Գասպարյանն ասաց, որ ծառուղու հատման որևէ հրաման չի տվել և չի ստորագրել։

«Այդ կաղնիները հատելու թույլտվություն հաստատ չեմ տվել։ Պետք է լինի դրանց հատման հրամանը, արդյո՞ք ունեն նման հրաման, ես չեմ ստորագրել նման բան։ Եվ հետո , ես 2023թ․-ին սահմանել էի կարգ, երբ մասնագիտական հանձնաժողովը տեղում ստուգում էր ու մասնագիտական եզրակացություն տալիս։ Իմ ղեկավարության օրոք հատվել են միայն չորացած ծառերը, ոչ թե մի ամբողջ ծառուղի»,- ասաց Գասպարյանը։

Փաստաթուղթը, որը որպես հիմնավորում մեզ ներկայացրեցին, արխիվից հանվել էր ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուրչների պահանջով, որոնք մեր այցի ընթացքում տեղում չափագրումներ և ուսումնասիրություններ էին կատարում։

Panorama.am-ին ԲԸՏՄ-ից հայտնեցին, որ այս գործն անցնում է քրեական վայրույթով։

«Տեսչական մարմնի աշխատակիցները վարույթի շրջանակում իրականացնում են գործողություններ»,- այլ մանրամասներ տեսչական մարմնից չհայտնեցին՝ ընդգծելով, որ միայն վարույթի ավարտից հետո կարող են ներկայացնել այլ մանրամասներ։

Ժողովրդական խոսք կա՝ «այս խմորը դեռ շատ ջուր կքաշի», թեև այգու ներսի շարքային աշխատակիցներից մեկը, երբ հարցրեցինք,թե ինչպե՞ս է հնարավոր նման բան, ինչպե՞ս կարող էիք թույլ տալ ծառերի սպանդը, արձագանքեց․ «Եթե փոխտնօրենը, ագրոնոմը, բանվորը կտրում են, մենք ի՞նչ պետք է  անենք»։

Ի դեպ, մի քանի օր առաջ, երբ հեռախոսով դեպքի հետ կապված փորձեցինք հարցազրույց վերցնել Ժիրայր Վարդանյանից, նա պատասխանեց, որ զբաղված է, հարցազրույց չի կարող տալ, միայն ուղորդեց․

«Ինձ ինչո՞ւ եք հարցնում, հիմնարկում փոխտնօրեն կա, իրենից հետաքրքրվեք։ Կա գլխավոր ագրոնոմ պատասխանատու, ինքն ավելի լավ գիտի,թե ի՞նչ է արել և ո՞նց»։

Ստացվում է՝ այգու ծառուղին հատվել է այգու գյուղատնտես Նորիկ Շատոյանի գիտությամբ, որն էլ լրատվամիջոցներին օրեր առաջ հայտնել էր, որ ոռոգման բացակայության պատճառով են ծառերը չորացել և հատվել։

Իսկ թե որտեղ է հատված ծառերի բնափայտը, այգու աշխատակիցը մեզ ցույց տվեց այգու տարածքում նստելու համար տեղադրված  փայտե կոճղերը։ Պետք է փաստենք, որ նրանցից ոչ բոլորն էին նոր հատված կոճղեր, որոշները այգում կար վաղուց՝ սեղան-աթոռ դեկորացիայի տեսքով։

Լուսանկարներն ամբողջությամբ՝ այստեղ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder