«Քաղաքապետարանից  մեզ ասում են՝ համբերեք, սպասեք, բայց մարդու տնից կոյուղաջուրը գնում է». ակցիան շարունակվեց կառավարության մոտ
Կենցաղ
13:38 24/03/2025
Հայաստան

«Քաղաքապետարանից  մեզ ասում են՝ համբերեք, սպասեք, բայց մարդու տնից կոյուղաջուրը գնում է». ակցիան շարունակվեց կառավարության մոտ

Վարդաշենի հանրակացարանի 68ա շենքի բնակիչները Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայից ու  Երևանի քաղաքպաետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Վահան Խաչատրյանի հետ հանդիպումից հետո ակցիան շարունակեցին կառավարության դիմաց։

Հիշեցնենք, որ վթարային շենքի բնակիչները քաղաքային իշխանությունից պահանջում են  կատարել նախընտրական քարոզարշավի ժամանակ  տրված խոստումը՝ 1,5 տարում լուծել բնակարանների հարցերը։

Բնակիչներից վեցն են հանդիպել քաղաքապետարանի պաշտոնյայի հետ։

«Պատասխանեցին՝ համբերեք, սպասեք, զբաղվում ենք, ամեն ինչ անում ենք: Ասացինք՝ մեզ հստակ պատասխան տվեք, հստակ օր, ամիս ու ժամ։ Ասաց՝ հստակ չեմ ասում, բայց երկու ամիս սպասեք:

Ինքն ասում է՝ պետք է սպասենք, բազմաթիվ գրավոր հարցուպատասխանի մեջ են, ասում են՝ պետք է համբերենք: Ասացինք՝ չենք համբերում, գնում ենք կառավարություն։ Մեզ համար հիմք կլինի այն, որ տարհանման գործընթացը սկսի, այդ որոշումը լինի»,- նշեցին հանդիպմանը ներկա քաղաքացիները։

Այնուհետև հայտնեցին, որ գնում են կառավարություն։

«Տեսնենք՝ կառավարությունն ինչ է ասելու: Մարդու տնից կոյուղաջուրը գնում է: Ոչ մի երկու ամիս, գնում ենք կառավարություն»,- ասացին ակցիայի մասնակիցները։

«Պահանջում ենք  աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին թող իջնի, քանի որ քաղաքապետարանից մեզ փոխանցեցին, որ նամակ են ուղղել աշխատակազմի ղեկավարին։ Քաղաքապետարանից  մեզ ասում են՝ համբերեք, սպասեք, գումարի չափը մեծ է։ Ուզում ենք իրավական հիմք ունենանք։ Իրենք թող գրավոր ցույց տան՝ ինչ ժամկետներ են մեզ ասում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder