Լռության օր է
Քաղաքական
08:38 29/03/2025
Հայաստան

Լռության օր է

Վաղը Գյումրիում ու Փարաքարում ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունն է։

 

Շիրակի մարզկենտրոնում քաղաքապետի պաշտոնի համար պայքարում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։


Մարտի 22-ին ՆԳՆ հրապարակած տվյալների համաձայն, այստեղ ընտրելու իրավունք ունի 111. 236 մարդ։ Ձևավորվել է 82 ընտրատեղամաս։ Համեմատության համար նշենք, որ 2021 թ. հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ավագանու ընտրություններում Գյումրիում ընտրելու իրավունք է ունեղել109.453 քաղաքացի, որից քվեարկությանը մասնակցել է 26 468-ը։

 

Մարտի 15-ին մեկնարկած քարոզարշավը թեժացավ, դրա ընթացքը խաթարվեց, երբ իրավապահները տարբեր պատճառաբանություններով ներխուժեցին ընդդիմադիր թեկնածուների՝ «Մեր քաղաքը» և «Մայր Հայաստան» դաշինքների թեկնածուների շտաբներ, գրասենյակներ, նաև Մարտուն Գրիգորյանի տուն, իրականացրեցին խուզարկություններ, ձերբակալեցին նրանց թիմակիցներին, ինչպես նաև Մ. Գրիգորյանի հորն ու որդուն։ Երեկ նրանք ազատ են արձակվել, դատարանի որոշմամբ նրանց նկատմամբ նշանակվել է վարչական վերահսկողություն։ Փաստաբանները հայտարարել են դատարանի որոշումները բողոքարկելու մասին։

 

Երեկ էլ դիտորդներն ահազանգեցին ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանի կողմից վարչական ռեսուրսի կիրառման մասին, ինչն օրենքի խախտում է։ Գյումրու հարակից բնակավայրերից իշխանական թեկնածուի հավաքին մասնակցելու համար բերել էին կրթական ու այլ հաստատությունների աշխատակիցների։

 

Մարտի 29-ին, 30-ին ընտրության մասնակից ուժերը քարոզչություն իրականացնել չեն կարող, օրենքն արգելում է։

 

Փարաքարում ավագանու ընտրություններին մասնակցում է չորս քաղաքական ուժ։

 

Այստեղ ընտրելու իրավունք ունի 20 967 քաղաքացի, ձևավորված է 16 տեղամաս։

Ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ն գրանցել է 5 ՀԿ-ի, ընդհանուր առմամբ ընտրությունների ընթացքին հետևել ու հետևելու է  347 դիտորդ։ Առավել մեծ թվով դիտորդներ ունի «Հայաքվե»-ն, որի կազմում են «Երիտասարդական ակումբների դաշնություն», «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ները։ Այս առաքելությունը հավատարմագրել է 186 դիտորդի։

Ընտրությունների լուսաբանման համար գրանցվել է հայաստանյան 38 լրատվամիջոց, որոնք ընդհանուր առամամբ հավատարմագրել են մոտ 300 լրագրող, օպերատոր, լուսանկարիչ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder