Վարդան Ղուկասյանը լինելու է փոքրամասնության քաղաքապետ, ինչը հետագայում չի բացառում արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը. Սուրենյանց
Քաղաքական
16:56 01/04/2025
Հայաստան

Վարդան Ղուկասյանը լինելու է փոքրամասնության քաղաքապետ, ինչը հետագայում չի բացառում արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը. Սուրենյանց

Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակից «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում էր Արտյոմ Ղարաղազարյանը, չի պատրաստվում բողոքարկել ընտրությունների արդյունքները։ ԿԸՀ հրապարակած նախնական տվյալների համաձայն, այս քաղաքական ուժի օգտին քվեարկել է 1406 մարդ։

 

Կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, իր ղեկավարած ուժն ուռճացված մասնակցության պատճառով է, որ չի հայտնվի Գյումրու ավագանու կազմում։

 

«3 տոկոս այնուամենայնիվ հավաքել ենք։ Քանի որ մեր գլխավոր, կարևոր խնդիրը լուծված ենք համարում, բողոքարկում չենք անելու։ Իշխանութունները ողջ ծավալով այստեղ օգտագործեցին վարչական ռեսուրս, մասնակցության թիվն արհեստականորեն աճեց։ Օրինակ, անցած ընտրություններին մասնակցել է մոտ 27 հազար մարդ, այս ընտրություններին՝ 47 հազար։ Մասնակցության թվի աճը պայմանավորված է նաև ընտրությունների նկատմամբ մեծ հետաքրքությամբ, բայց ոչ այս չափով։ Մենք կանխատեսել էինք 35 հազարի մասնակցություն»,-ասաց կուսակցության ղեկավարը։

Նրա խոսքով, ամենուրեք օգտագործվել է վարչական ռեսուրսը։

«Ընտրությունները եղել են թեժ, մրցակցային, բայց  իրենց լրիվ օրինական ընտրություն ես կհրաժարվեմ համարել, քանի որ իշխանությունն իր բոլոր հնարավոր գործիքներն օգտագործել է։  Իրավական որևէ գործընթաց չենք նախաձեռնել, քանի որ կոնֆիգուրացիան դիտարկել ենք, մեր գլխավոր խնդիրն է եղել, որ Գյումրիում ՔՊ-ական քաղաքապետ  չլինի։ Խնդիրը լուծվել է։ Շատ լավ մեկնակետ ենք ստեղծել խորհրդարանական ընտրություններին  ավելի լավ պատրաստվելու համար հենց Գյումրիում, հետևաբար  մենք բավարարված ենք առկա արդյունքներով»,-ասաց Սուրենյանցը։

Անդրադառնալով հարցին, որ ըստ առկա տեղեկությունների «Մեր քաղաքը» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը կօգնի Վարդան Ղուկասյանին դառնալ քաղաքապետ, ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել դրանից հետո, ԴԱԿ նախագահն ասաց.

«Ապրիլի 16-ի համար երկու բան հստակ է։ Մենք չենք ունենա ՔՊ-ական քաղաքապետ, և կունենանք քաղաքապետ Վարդան Ղուկասյան անունով, հստակ է նաև, որ քաղաքապետի  շուրջ կոալիցիա չի ձևավորվելու։ Դա շատ օբյեկտիվ է, նրան աջակցողների խնդիրն այն է, որ թույլ չտան ՔՊ-ի հաղթանակը, բայց չենք կարող նրանց մեղադրել, թե ինչու չեն ուզում Վարդան Ղուկասանի հետ ստանձնել քաղաքի կառավարումը։ Ես էլ օրինակ, Վարդան Ղուկասյանին իդեալական այլընտրանք չեմ համարում՝ հին իրողությունները հաշվի առնելով։ Մեր մյուս գործընկերներն  էլ նրան ապահովում են պաշտպանություն՝ թույլ չտալու ՔՊ-ի հաղթանակը։ Ունենալու ենք, ըստ էության փոքրամասնության քաղաքապետ, ինչը քաղաքի կառավարումը բարդացնելու է, ավագանիում ցանկացած որոշում անցկացնելն արդեն դժվար է լինելու»։

Նրա խոսքով, եթե նոր քաղաքապետին չհաջողվի իրավիճակ փոխել, իր շուրջը համաձայնություն ձևավորել, վաղ թե ուշ դա կբերի արտահերթ ընտրությունների անհրաժեշտության։

«Այս փուլում եկեք արձանագրենք, որ ՔՊ-ական քաղաքապետ ունենալ թույլ չտալն է կարևոր։ Բայց փոքրամասության քաղաքապետը, վարչապետը միշտ խնդիրներ են ունենում, դա քաղաքագիտական դասական  աքսիոմատիկ ճշմարտություն է»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե Երևանում փոքրամասնության քաղաքապետը նման դժվարությունների չի հանդիպում, Սուրենյանցն ընդգծեց. «Երևանում տեղի ունեցավ քաղաքագիտական անասնագողություն, իշխանությունն այդ միջոցով համալրեց իր շարքերը և կոալիցիոն գործընկերոջ հետ ունի մեծամասնություն։ Գյումրիում այդ ճանապարհով չեն կարող շարժվել, քանի որ դատելով ավագանի անցած չորս ընդդիմադիր  ուժերից՝ չի կարող այնպես լինել, որ քաղաքական խճանկարը փոխվի, ճամբարափոխության դեպքեր Գյումրիում գրեթե բացառվում են»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վարդան Ղուկասյանը լինելու է փոքրամասնության քաղաքապետ, ինչը հետագայում չի բացառում արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը. Սուրենյանց