Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բռնի տեղահանված արgախgիների նկատմամբ այսօրվա ատելnւթյան խոսքն այս իշխանությունների «ձեռքբերումն է». Մետաքսե Հակոբյան
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն անհանգստությամբ արձանագրում է՝ արցախցիների հանդեպ ատելության խոսքի տագնապալի աճ է նկատվում։ Իսկ նախօրեին էլ Հանրային Ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանի կինը՝ Շուշան Ղազարյանն էր թիրախավորել արցախցիներին՝ անվանելով «Աստծուց մոռացված դժբախտներ․․.»։
Panorama.am-ը զրուցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ, թե ինչո՞վ է պայմանավորված բռնի տեղահանված արցախցիների նկատմամբ ատելության խոսքի աճը, ինչպես նաև 2026 թվականի ապրիլի 2-ին մեկնարկած Քառօրյա պատերազմի մասին։
Մետաքսե Հակոբյան-Բնական է, որ ատլության խոսքը պատահական չէ, մարդիկ իրենց տեսածի, լսածի, սեփական ապացույցների հիման վրա չէ, որ նման կերպ են իրենց պահում։ Դա իշխանությունների հզոր քարոզչամեքենայի կատարած աշխատանքի արդյունքն է։ Եթե ժողովուրդը լսում է իշխանավորներից ատելություն, ատելության խոսք ու նման վերաբերմունք բռնի տեղահանված հայրենակիցների նկատմամբ, բնական է, որոշ մասը, կապված իրենց անտեղյակության, կրթական ցենզի հետ, տրվում են այդ քարոզչությանը։ Ես չեմ հավատում՝ մարդ, ով ծանոթ է անձամբ Արցախին, արցախցուն ու բավարար գիտելիքներ ունի, կարող է նման բառապաշարով ու նման ատելության խոսք քարոզել հայրենակիցների նկատմամբ, նույնիսկ օտարի նկատմամբ նման բան հնարավոր չէ, ուր մնաց քո սեփական հայրենակիցների նկատմամբ։
9 տարի առաջ՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի ժամանակ մեր պահվածքն ու կեցվածքը և հիմա... Նույն ժողովուրդը 9 տարի առաջ միասնական էր, դիտարկում չկար՝ նախկին, ներկա, հայաստանցի, ղարաբաղցի, բոլորը պայքարում էին հանուն հայրենիքի, զոհվում էին այն գիտակցությամբ, որ դա արվում է հանուն հայրենիքի։
Այնպես որ, բռնի տեղահանված արցախցիների նկատմամբ այս ատելության խոսքն իշխանությունների «ձեռքբերումն է»։
Panorama.am- Արցախիցների նկատմամբ իշխանությունների քայլերի նպատակը ո՞րն է։
Մետաքսե Հակոբյան-Իրենց համար ոչ թե գերխնդիր է ազատվել արցախիցներից, թեև խնդիրներից մեկը նաև դա է, այլ գերխնդիր է իրենց հանցագործությունների համար մեղավոր ու պատասխանատու կարգել։ Այս մարդիկ տապալել են ամեն բան կամ ի սկզբանե եկել են դա անելու պատրաստակամությամբ և օրակարգով։ Բնականաբար, մեր ժողովրդին պետք է համոզել հակառում՝ իրենք չեն տապալել ամեն բան, նախկիններն են կամ այլ սև ու մութ ուժեր, ինչն անում են։
Հիշեք, մինչև պատերազմը, նույնիսկ 2019-ին, երբ Նիկոլ Փաշինյանը գոռում-գոչյունը գցել էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, իր համար մենք հարազատներ էինք, թանկ էինք, քույրերն էինք, եղբայրներն էինք, Արցախն իր հայրենիքն էր, դա տեխնոլոգիա էր, որն ինքը կիրառում էր, որպեսզի նաև այստեղ մեր հայրենակիցներին իր նկատմամբ դրական տրամադրեր։
Իսկ հիմա պետք է իր արած հանցագործության համար պատասխատու և մեղավոր կարգվեր։ Դա ինքն ու իր հանցագործ թիմը չպետք է լիներ։ Ամենալավ ու ամենահարմար տարբերակը, քանի որ էլի եմ կրկնում՝ մեր հանրության մի մեծ հատված չի եղել Արցախում, չգիտի արցախցուն, հետևաբար կարող էր ընդունել այդ «կեղծ իրականությունը», և իրենք մեղավոր կարգեցին արցախիցներին։
Շատ լավ հասկանում եմ ու վստահ եմ, որ Հանրային ռադիոյի տնօրենի կինը շատ լավ գիտի՝ ովքեր են արցախիցները, Արցախը մեզ համար ինչ է, բայց ինքը գրել է հենց օրվա իշխանության բառապաշարով։
Իրականում, այդ բառերը չեմ կարող օգտագործել, բայց անպայման ուզում եմ իրեն ասել՝ արդեն լափել են Արցախը, լափում են այսօր Հայաստանն այս իշխանությունները, իր նմաններն ու շարունակում են լափել ու կեղքել՝ սկսած ժողովրդի հացից, վերջացրած միս ու արյունից ու հայրենիքից։ Բնականաբար, իրենց վերագրվող արտահայտություններն իրենք պետք է դնեն այն մարդկանց վրա, ում որ իրենք մեղավոր են կարգել։
Panorama.am-Ապրիլյան քառօրյա պատերազմից 9 տարի է անցել։ Հենց այդ ժամանակվա միասնականությո՞ւնը հայ ժողովրդին Ապրիլյանում ուժեղ դարձրեց։
Մետաքսե Հակոբյան- 2016-ի ապրիլի 2-ը շաբաթ օր էր, բայց աշխատանքային։ Երբ պատերազմի գույժը եկավ, բոլոր հավաքվում էին Վերածննդի հրապարակում՝ հասկանալու, թե ինչ է կատարվում։ Այն տեսարանը, որ ՑՈՐ-ի զորամասից տանկերով 18-20 տարեկան պատանիները կարմիր թշիկներով, ոգևորված, մեզ բռունցքներով հասկացնելով՝ մի վախեցենք, գնում ենք, ամեն բան լավ է լինելու, այլ ոգևորություն էր։
Մենք Քառօրյա պատերազմում զոհված յուրաքանչյուր զինվորի պատմությանը գիտենք, բայց 44-օրյա պատերազմում արված հերոսությունների շատ-շատ պատմություններ չգիտենք։
Ապրիլի 2-ին պատերազմի սկսվելուց ժամեր անց Վերածննդի հրապարակում ասեղ գցելու տեղ չկար։ Տղամարդիկ էին, այն կամավորները, ովքեր գնում էին պատերազմ։ Որևէ մեկս չէինք դիտարկում՝ ով է արցախցի, ով է հայաստանցի։ Ժամեր անց Հայաստանից սննդի, հագուստի, հիգենայի պարագաները հասան Արցախ։ Այստեղի մեր հայրենակիցները մտածում էին այդկերպ օգտակար լինեն։ Այնքան շատ էր այդ ամենը, որ սոցապ նախարարության աշխատակիցներն ուղղակի զանգում էին բնակիչների ու ասում՝ եկեք, տարեք։ Անընդհատ դիմում էինք Հայաստանի մեր հայրենակիցներին՝ բավ է, կանգնեք, մի եկեք, մի ուղարկեք, արդեն Արցախում կանգնելու տեղ չկար, սնունդը տեղավորելու հնարավորություն չկար։ Հագուստը, մնացած պարագաները, որոնք ժամկետ չունեին, տարիներ շարունակ բաժանվում էին կարիքավոր ընտանիքներին և դրանք ամենաբարձր որակի էին։
Այդ հիշողություններն այնքան խորն են նստած արցախցիների մեջ։ Հնարավոր չէր արցախցիներին պառակտել Հայաստանի ժողովրդից։ Իհարկե, արցախցիների մեջ էլ կան մարդիկ, ովքեր տրվել են այդ քարոզչությանը, բայց գերակշիռ մասը միշտ երախտապարտ է Հայաստանի մեր հայրենակիցներին։
Panorama.am –Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։
Նշենք, որ Panorama.am-ը, մինչև Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդի՝ լրատվամիջոցներին դիմելը, ուշադիր էր եղել արցախահայերի իրավունքների ցույցի մասին հրապարակումների տակ վիրավորական մեկնաբանություններին, դրանք կամ ջնջել էր, կամ փակել։
Ի դեպ՝ դրանք մեծ մասը կեղծ էջերից էին։