Կախված ՀՀ կառավարության վերջնական արձագանքից՝ հանրությանը կառաջարկենք դիմել կոնկրետ գործողությունների. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ
Քաղաքական
17:55 02/04/2025
Հայաստան

Կախված ՀՀ կառավարության վերջնական արձագանքից՝ հանրությանը կառաջարկենք դիմել կոնկրետ գործողությունների. Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդ

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հավատարիմ է մնում հանրահավաքի ժամանակ ներկայացված պահանջագրին ու գործողությունների պլանին: Այս մասին հայտնում են խորհրդից։ 

«Ինչպես հայտարարվել է, պահանջագիրը ներկայացվել է ՀՀ կառավարությանը՝ մեկշաբաթյա ժամկետում սպասելով պատասխան նրանցից: Այդ ժամանակահատվածում Ազատության հրապարակում տեղակայվել է շտաբ՝ տեղում հանրության հետ հաղորդակցությունը համակարգելու նպատակով: Բացի դրանից, Խորհուրդը ջանքեր է գործադրում ավելի լայն հանրային համախմբում ապահովելու և հետագա գործողությունների ծրագրերը հստակեցնելու ուղղությամբ: Հետևաբար, ողջամիտ չէ այս սպասման ժամանակահատվածում Խորհրդից ակնկալել լայնածավալ գործողություններ:

Ուստի, կախված մեկշաբաթյա ժամկետից հետո ՀՀ կառավարության վերջնական արձագանքից՝ Խորհուրդը հրապարակելու է պայքարի շարունակման հետագա մոտեցումները և հանրությանն առաջարկելու է դիմել կոնկրետ գործողությունների:

Նախքան այդ, հորդորում ենք բոլոր սրտացավ անձանց ու կազմակերպություններին իրենց առաջարկները և աջակցելու ձևերը ներկայացնել խորհրդին՝ կա՛մ գրելով մեր էջերին, կա՛մ էլ այցելելով Ազատության հրապարակում տեղադրված վրան:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder