Ցմահ դատապարտյալների նկատմամբ կիրառվել է ոչ համաչափ ուժ, խցերում իրերը տակնուվրա են արվել․ Արամ Մինասյան
Իրավունք
19:40 07/04/2025
Հայաստան

Ցմահ դատապարտյալների նկատմամբ կիրառվել է ոչ համաչափ ուժ, խցերում իրերը տակնուվրա են արվել․ Արամ Մինասյան

«Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ստացվել է հեռախոսազանգը  և ներկայացվել են հանգամանքներ առ այն, որ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի 5-րդ հարկում գտնվող ցմահ դատապարտյալների նկատմամբ ֆիզիկական ուժ է կիրառվում»,- այս մասին «Մեդիա կենտրոն»-ում անդրադառնալով օրեր առաջ ՔԿՀ-ում տեղի ունեցած դեպքերին՝ ասաց ՀՀ ՄԻՊ աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը։

 Նրա խոսքով՝ կաև տեղեկություն, որ տվյալ անձանց բժշկական օգնություն չի ցուցաբերվում:

«Պաշտպանի հանձնարարությամբ անմիջապես արագ արձագանքման խումբը մեկնել է քրեակատարողական հիմնարկ: Առանձնազրույցներ են տեղի ունեցել ավելի քան երեսուն ցմահ դատապարտյալ և կալանավորված անձանց հետ: Իրականացվել է խցերում նաև ուսումնասիրվել է իրենց վերաբերյալ դատապարտյալների վերաբերյալ կազմված փաստաթղթերը: Այն խնդիրները, որոնք ներկայացրել են ազատությունից զրկված անձինք, արդեն իսկ Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությամբ ներկայացվել են: Դրանք վերաբերել են, ըստ դատապարտյալների պնդումների, հատուկ նշանակության գումարտակի ծառայողների կողմից գործողություններ իրականացնելու ընթացքում ոչ համաչափ ուժի կիրառմանը, խցերում իրականացված խուզարկության ընթացքում իրենց անձնական իրերը տակնուվրա անելուն»,- ասաց ՄԻՊ գրասենյակի ներկայացուցիչը։

Նա նաև նշեց, որ տեղեկություն էր ստացվել առ այն, որ   ցմահ դատապարտյալներից մեկը, այդ գործողությունների արդյունքում  տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ:

«Դավիթ Մինասյանի վերաբերյալ տեղեկություն է ստացվել, որ տվյալ դատապարտյալը զուտ իրենց անվտանգության, նաև  քրեական ենթամշակույթի դեմ պայքարին առնչվող հարցերով պայմանավորված տեղափոխվել է այլ քրեակատարողական հիմնարկ:   Առանձնազրույցների ընթացքում նաև դատապարտյալները պնդումներ են ներկայացրել առ այն, որ նշված որոշ դատապարտյալներ, խոսքը 3-4 դատապարտյալի մասին է, որ հատուկ նշանակության ծառայողների գործողությունների հետևանքով ունեն վնասվածքներ: Վնասվածքներն արձանագրել են նաև մեր աշխատակիցները: Խոսքը վերաբերում է կապտուկների, քերծվածքների, 2 անձի վերաբերյալ նաև կասկած է եղել, որ այդ գործողությունների արդյունքում հնարավոր է կոտրվածք կա: Սակայն բժշկական փաստաթղթերում առկա ռենտգեն հետազոտության համաձայն՝ մատնանշված 2 դատապարտյալի մոտ վնասվածքներ չեն արձանագրվել»,- ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder