Դուք ճանապարհներ կառուցում եք Ադրբեջանին հանձնելո՞ւ, թե մեր համար. Էդգար Ղազարյանը՝ ՏԿԵ փոխնախարարին
Քաղաքական
13:45 09/04/2025
Հայաստան

Դուք ճանապարհներ կառուցում եք Ադրբեջանին հանձնելո՞ւ, թե մեր համար. Էդգար Ղազարյանը՝ ՏԿԵ փոխնախարարին

«Ինչ ձևով եք ապահովել այդ որոշման կայացումը հանրային սուբյեկտների՝ մասնավորապես Երևանի տրանսպորտի կողմից, որովհետև փետրվարին ընդամենը մեկ օր ձյուն եկավ և երթևեկությունը պարալիզացվեց, որովհետև Երևանի քաղաքապետարանը տրանսպորտի անվադողերը չէր փոխել Ձմեռայինի»,-ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանին հարցրեց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Նա հիշեցրեց, որ 2024 թվականի նոյեմբերի վերջին կառավարությունը որոշում էր ընդունել, որով ձմռանը պարտադիր դրձվեց բացառապես ձմեռային ավատոդողերով երթևեկությունը և քաղաքացիներին տվեց ռեկորդային կարճ ժամանակ՝ մինչև դեկտեմբեր այդ որոշումն իրագործելու համար:

Նա հարցրեց, թե որոշումներ կայացնելիս արդյոք նախնական քննարկում են նման երևույթները թե տեղյակ չեն լինում, որ ձմեռը կարող է ձյուն գա։

Հիշեցնելով, որ փախնախարարը ներկայացնում է մի կառավարություն, որի գործողությունների հետևանքով թշնամուն է հանձնվել ճանապարհների հարյուրավոր կիլոմետրեր՝ Ղազարյանը հարցրեց. «Կարո՞ղ եք ներկայացնել վիճակագրություն, թե ձեր կառավարման շրջանում 2020 թվականից հետո քանի կիլոմետր ինչ նշանակության ճանապարհներ են հանձնվել թշնամուն»։

Հասարակական-քաղաքական գործիչը նաև հիշեցրեց, որ Փաշինյանը 2024 թվականի օգոստոսից պարբերաբար հայտարարում է, որ համաձայն Ադրբեջանի Հանրապետության գործող սահմանադրության Հայաստանի ներկա տարածքի 60-70%-ը ունի ադրբեջանական պատկանելիություն։

Ղազաչյանը նաև հարցրեց, թե ՏԿԵ-ն ճանապարհաշինական ծրագրեր իրականացնելիս այդ հայտարարությունները հաշվի առնում է։

«Այսինքն՝ դուք ճանապարհներ կառուցում եք Ադրբեջանին հանձնելո՞ւ, թե մեր քաղաքացիներին ծառայություններ մատուցելու համար»,-հարցրեց Ղազարյանը:

Ղալեչյանը պատասխանեց, որ ձմեռային ավադողների պահանջը սահմանելիս, ընդհանուր առմամբ ուսումնասիրվել էին վերջին տարիների եղանակային պայմանները, միջազգային փորձը, նաև սահմանված էր ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգում, որը դարձրել են երթևեկության պարտադիր կանոն։

«Հաշվի առնելով այն անվտանգության ռիսկերը, որոնք առաջանում են, մենք դա ամրագրեցինք որպես պարտադիր կանոն և ասեմ, որ արդեն այս տարի շատ դրական միտում է տեղի ունեցել ձմեռային ավադողերով երթևեկելու հետ կապված»,-պատասխանեց փոխնախարարը:

Նա չպատասխանեց քաղաքապետարանի ենթակայության ավտոբուսների անվադողերին վերաբերող հարցին՝ ասելով, թե դահլիճում ներկա քաղաքապետարանի գործընկերները կարձագանքեն:

«Մենք ծրագրերը իրականացնում ենք ճանապարհների անվանացանկով՝ կառավարության որոշմամբ է սահմանված և այդ անվանացանկում ներառված ճանապարհներն են հանդիսանում ճանապարհային ցանցի մաս. ուրիշ մեկնաբանություն ես չունեմ»,-պատասխանեց Քրիստինե Ղալեչյանին:

Էդգար Ղազարյանը հարցրեց, թե հիշատակված անվանացանկի մեջ ներառվա՞ծ է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհը, և փոխնախարարը այսօր կարո՞ղ է լսումներից հետո անվտանգ երթևեկել միջպետական ճանապարհի Գորիս-Կապան հատվածով:

Ղալեչյանն ասաց, թե կերթևեկի այն ճանապարհով, որը անցնում է Տաթևով մինչև Ագարակ»:

ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց. «Ճանապարհների ցանկի մեջ նշված չեն պաշտպանական և անվտանգային բնույթի այն հսկայական կատարված աշխատանքները, որոնք վերաբերվում են միշտ դիրքային ճանապարհներին, որոնք իրենց որակով չեն զիջում նաև միջպետական մեր  մայրուղիներին: Դրանք հարյուրավոր կիլոմետրեր են»

Նա վստահեցրեց, որ երկրի անվտանգության նպատակով կան կառուցված ճանապարհներ, որոնք ապագայում էլ կծառայեն անվտանգ երթևեկության համար։

«Բայց այսօր նրանք բացառապես անվտանգության կարիքների նպաստող կառույցներ են, իսկ որ դրանք կառուցվում են նաև մեր երկրի պաշտպանությունը, անվտանգությունն ավելի ամրապնդելու համար, դա էլ է փաստ»,-հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder