Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում երկրորդ պետություն չի ձևավորվում, թյուր կարծիք է. Սեյրան Օհանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամների հետ։
«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի առաջարկության հիման վրա մենք հանդիպումներ ունեցանք, հանդիպեցին հիմնականում Արցախի Ազգային Ժողովի և «Հայաստան» խմբակցության համատեղ աշխատանքային խմբի անդամները, որոնք այս ժամանակահատվածում լուրջ համատեղ աշխատանք են իրականացնում արցախցիների իրավունքների պաշտպանության, սոցիալ-տնտեսական և տարբեր ոլորտներում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա նշեց, որ իրենք բազմաթիվ նախաձեռնություններով են հանդես եկել Արցախի խնդրով, գերիների վերադարձի թեմաներով։
«Կփորձենք օգտագործել մեր ամբողջ գործիքակազմը Արցախի իրավունքների պաշտպանության գործում»,-ասաց Ս. Օհանյանը։
Նա նշեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորները միջազգային տարբեր հարթակներում, տարբեր կազմակերպություններում, բարեկամական խմբերի շրջանակներում բոլորը հանդիպումների ժամանակ բարձրացնում են Արցախի հարցը՝ ընդ որում ներկայացնելով ամենակարևորը, որ Արցախի ժողովրդի նկատմամբ իրականացվել է հանցագործություն, ժողովուրդը բռնագաղթեցվել է, և այդ հանցագործործությունը նաև ցեղասպանության մաս է կազմում, Ադրբեջանը դրա համար պետք է պատասխան տա, բարձրացվում է գերիների վերադարձի, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող շինծու դատավարությունների հարցերը:
«Այն հանձնաժողովը, որը ստեղծվել է Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, բավականին լուրջ աշխատանք է իրականացնում։ Մենք գտնում ենք, որ Արցախի հարցը փակված չէ: Արցախի իրավունքները պետք է պահպանվեն, Արցախի ճակատագիրը պետք է որոշվի հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի իրավունքների շրջանակներում», - ասաց Ս. Օհանյանը:
Նա նշեց, որ Արցախի պետական ինստիտուտները, քաղաքական համակարգը, քաղաքական, հասարակական կազմակերպությունները պետք է գործեն Արցախի ժողովրդի կարգավիճակի, նրանց հավաքական, համայնքային պահպանման, հետագայում հավաքական վերադարձի իրավունքի ապահովման համար։
«Երբ որ Արցախի ինստիտուտները գործում են Հայաստանում, մեր ժողովրդի որոշ հատվածի մոտ, ղեկավարության մոտ թող թյուր կարծիք չձևավորվի, որ երկրորդ պետություն է գործում, ընդհակառակը՝ նրանք գործում են պահպանելու Արցախի ժողովորդի իրավունքները, հետվերադարձի խնդիրների ուղղությամբ համապատասխան աշխատանք են տանում»,- ասաց Ս.Օհանյանը։