ՀՀ-ն որոշել է 345.7 հազար  դոլարով Օմանում դեսպանատուն բացել
Քաղաքական
14:49 10/04/2025
Տարածաշրջան

ՀՀ-ն որոշել է 345.7 հազար դոլարով Օմանում դեսպանատուն բացել

Այդ որոշումը հիմնավորվում է վերջին տարիներին ՀՀ-ի և Ծոցի արաբական երկրների միջև հարաբերությունները դինամիկ զարգացմամբ: Նկատվում է ակտիվություն թե՛ քաղաքական երկխոսության, թե՛ առևտրատնտեսական համագործակցության, թե՛ կրթամշակութային և հումանիտար ոլորտներում կապերի տեսանկյունից:

«Օմանի Սուլթանությունը, ի շնորհիվ իր հավասարակշռված արտաքին քաղաքականության, տարածաշրջանային գործընթացներում դիրքավորվում է որպես չեզոք պետություն՝ նպաստելով տարածաշրջանային ուժերի միջև երկխոսության և համագործակցության զարգացմանը:

Հայկական կողմը ցանկություն է հայտնել Մասկատում ռեզիդենտ դեսպանություն բացել, ինչին ի պատասխան, օմանական կողմը  դրական է արձագանքել՝ նշելով, որ նման դեպքերում սովորաբար կիրառվում է փոխադարձության սկզբունք։

Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը կնպաստի Հայաստանի և Օմանի միջև առկա ջերմ քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը, զբոսաշրջային հոսքերի, փոխադարձ առևտրաշրջանառության, այդ թվում՝ տարանցիկ ավելացմանը:

Օմանում Հայաստանի Հանրապետության դեսպանության հիմնումը կնպաստի երկու երկրների քաղաքացիների և հասարակությունների միջև փոխճանաչելիության աճին, խթան կհանդիսանա Հայաստանի և Արևելյան Աֆրիկայի ու Հնդկական օվկիանոսի մի շարք երկրների միջև կապերի ամրապնդմանը՝ հիմք ընդունելով այդ երկրների և Օմանի միջև առկա պատմական և մշակութային կապերը:

Վերոնշյալի համատեքստում, Օմանի Սուլթանությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումը Արտաքին գործերի նախարարությունը գտնում է նպատակահարմար, ինչը համահունչ է Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը և շահերին։

Օմանում ՀՀ դեսպանության բացման ծախսերը հաշվարկվել են ընդամենը 345.7 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 133,848.5 հազար դրամ: 2025 թվականի հուլիսից-դեկտեմբեր ժամանակահատվածի համար ընթացիկ ծախսերը կազմելու են մոտ 211.7 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 81,967.8 հազար դրամ: Առաջին տարվա համար ընթացիկ ծախսերից բացի՝ լրացուցիչ կպահանջվի ևս 134.0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 51,880.8 հազար դրամ՝ ավտոմեքենայի, կահույքի, տեխնիկայի ձեռքբերման, դեպոզիտի և միջնորդավճարի համար: 2025 թվականի դեսպանության բացման հետ կապված ծախսերից 81,967.8 հազար դրամը նախատեսվում է ծախսել պետական բյուջեով ԱԳՆ 1128 ծրագրի 11001 «Օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության իրականացում» միջոցառման համար  նախատեսված միջոցներից, իսկ 51,880.8 հազար դրամը՝ պահուստային ֆոնդից»,-ասվում է նախագծի հիմնավորման մեջ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ-ն որոշել է 345.7 հազար դոլարով Օմանում դեսպանատուն բացել