Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ճիշտն ասաց կարտոշկա էի ուզում, չճարեցի, խնձորը մոտ էր. Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած արցախցի
«Անհանգիստ էի։ Մի քիչ անհանգիստ էի։ Մտքովս չէր անցնում, որ դատարանը կարդարացնի»,- դատական նիստից հետո լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած 72-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանը, ում նկատմամբ դատարանն արդարացման վճիռ կայացրեց։
Նա խոստովանեց. «Այն, ինչը ես արել եմ, մտածել եմ, արել եմ, չեմ փոշմանում»։ Լրագրողի ճշտող հարցին՝ չե՞ք փոշմանել, որ խնձոր եք նետել Փաշինյանի ուղղությամբ, նա ասաց. «Հա։ Բողոքի ակցիա է եղել իմ կողմից։ Տանս մայրիկիս ծնունդն էր։ Հեռուստացույցով նայում եմ՝ հեծանիվից իջնում է, խաշլամա է ուտում, ինչ է անում, ասացի՝ կանալը փոխի։ Դուրս եկա բալկոն, տեսնեմ կանգնած է։ Ջղայնացա։ Ճիշտն ասաց կարտոշկա էի ուզում, չճարեցի, խնձորը մոտ էր, խնձոր ճարեցի»։
Ա.Առստամյանն ասաց, որ ինքը մի երկու բառ զրույց ունի Նիկոլ Փաշինյանի հետ. «Կասի՝ հրաժարական տուր, գնա, այս ժողովուրդը մեղք է, այս ի՞նչ օրն ես գցել, արցախիցներին այս ի՞նչ օրն ես գցել։ Ինչու համար եմ խնձորը նետել։ Գերեզմանատները, տները թողել ենք ու եկել։ Առաջին մեղավորն ինքն է։ Ես իրեն, ՔՊ խմբին չեմ հարգում»։
Հիշեցնենք, որ Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է խուլիգանություն, այն է' հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ առհամարական վերաբերմունք է ցուցաբերել, որը դրսևորվել է հայոյանքներով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, մարդկանց անդորրը խախտելով:
Մասնավորապես, Առստամյանը մեղադրվում էր 2024 թվականի օգոստոսի 23-ին, Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց 2 հասցեի շենքերից մեկի 9-րդ հարկի պատշգամբից Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար։