Հայտնաբերվել է Հայաստան ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց
Իրավունք
11:31 15/04/2025
Հայաստան

Հայտնաբերվել է Հայաստան ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց

Օրերս «Ագարակ» մաքսային անցման կետում, Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչության աշխատակիցը ռենտգեն սարքավորման միջոցով մաքսային զննման է ենթարկել ԻԻՀ-ից ժամանած քաղաքացի Վ.Հ.-ի կողմից շահագործվող բեռնատար ավտոմեքենան և կցորդը: Արդյունքում կցորդի հատվածում նկատվել են կասկածելի զանգվածներ։

 

ՊԵԿ-ից հայտնում են, որ այս տեղեկությունը փոխանցվել է Մաքսանենգության դեմ պայքարի վարչություն և համատեղ  շարունակվել է բեռնատար մեքենայի և կցորդի մաքսային զննությունը` օգտագործելով հատուկ տեխնիկական միջոցներ և ծառայողական շներ:

 

Կցորդի հատակի հատվածում հայտնաբերվել է գաղտնարան, ուր տեղադրված է եղել ավելի քան 85 կգ  կշռող 112 փաթեթ` լցված «հաշիշ» տեսակի թմրամիջոցի զանգվածով։ Դրանք փաթեթված են եղել  թափանցիկ պոլիէթիլենային թաղանթով և փայլաթիթեղով: 

 

 

Թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել է ԻԻՀ քաղաքացի Վ․Հ․-ն, ով ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունքի մարզային քննչական վարչություն։

 

 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում ԻԻՀ քաղաքացի Վ․Հ․-ն ձերբակալվել է: Քրեական վարույթի նախաքննությունը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։

 

Ներկայում  ՊԵԿ,  ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության և Քննչական կոմիտեի  աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկվում են լայնածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` թմրամիջոցները ՀՀ տարածքում ստացող, դրա հետագա իրացումը կազմակերպող անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։

 

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Հայտնաբերվել է Հայաստան ներկրված շուրջ 85 կգ «հաշիշ» տեսակի թմրամիջոց